ՆորություններՀՌՀ-ն, Պոլիտեխնիկական համալսարանը և «Մենեջմենթ Միքս»-ը ներդնում են նոր մագիստրոսական ծրագիր

20.12.2018

Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:


Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Սեմերջյանը:
 

«Այս համագործակցությունը մենք դիտարկում և համարում ենք երկրի հետագա զարգացման այս պահից սկսած և դեպի առաջ գնացող մեր տեսլականի կարևորագույն կետերից մեկը: Երբ պարոն Սեմերջյանի հետ քննարկում էինք կրթական և գիտակրթական համակարգի հնարավոր զարգացումները, եկանք այն եզրակացության, որ պարտադիր պետք է կարողանանք համատեղ մի ծրագիր ներկայացնենք, որով կկարողանանք դաշտը լրացնել կառավարման հմտություններ ունեցող մասնագետներով և, բնականաբար, շատ ենք կարևորում և ողջունում Պոլիտեխնիկական համալսարանի մասնակցությունն այս ծրագրին»,- նշել է Արմեն Դարբինյանը՝ վստահություն հայտնելով, որ երկու համալսարանների հսկայական ներուժի ներդրման շնորհիվ կստեղծվեն երկրի համար անհրաժեշտ և շահավետ ուսումնական ծրագրեր:
 

Հուշագրի նպատակն է «Բիզնես վարչարարության մագիստրոս» որակավորմամբ «ՏՏ և նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանս» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրումը, որը կունենա երկու կրթական հոսքեր՝ ՏՏ և նորարարական տեխնոլոգիաներ ու Ֆինանսներ և բանկային գործ:
 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հայտնել է, որ բարձր վարկանիշ ունեցող Հայ-Ռուսական համալսարանի հետ տասը տարի առաջ համատեղ ծրագիր է իրականացվել և կասկած չկա, որ այս մեկը նույնպես հաջողություն կունենա: «Ես կարծում եմ, որ մեծ պատիվ է մեր երկու համալսարանների համար նմանօրինակ պատվավոր առաքելություն վերցնել իր վրա և Հայաստանի կրթական համակարգում ներդնել համագործակցության արդյունքում ձևավորվող այսպիսի կրթական ծրագիր»,- ընդգծել է նա:
 

«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Սեմերջյանն էլ իր հերթին ներկայացրել է տարբեր երկրներում աշխատանքի իրենց փորձը՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ կրթական ծրագիրը մեծ պահանջարկ կունենա Հայաստանում: