ՆորություններՀՌՀ պրոռեկտորն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԻ ռեկտորի հետ

20.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանն ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Միխայիլ Պողոսյանի գլխավորությամբ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման մանրամասները, ինչպես նաև երկու համալսարանների միջև գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները:
 
Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ վերջնական շտկումներից հետո շուտով պատրաստ կլինի ՀՌՀ և ՄԱԿ-ի միջև
 կիրառական մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և մի քանի այլ ուղղություններով մագիստրոսական կրթական համատեղ ծրագիրը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրի շնորհիվ Հայաստանը վերը նշված ոլորտներում կունենա ավելի շատ որակյալ մասնագետներ, ինչն արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:
 
Իր հերթին՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը երկու ԲՈՒՀ-երի միջև՝ միաժամանակ կարևորելով ոչ միայն համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացումը, այլև դրա հետ մեկտեղ Հայաստանում արդյունաբերական համապատասխան համալիրների ստեղծումը, որի շնորհիվ ապագա մասնագետները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները ուսումնառության ընթացքում՝  հեռանկարում այդ համալիրներում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռման հուշագիր:
 
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 26-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի պատվիրակությունը պաշտոնական այցով հյուրընկալվել էր Հայ-Ռուսական համալսարանում: 
 
Հենրիխ Մարգարյան