ՆորություններՄեկնարկել է միջբուհական «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2019» մրցույթը

19.03.2019
Մարտի 19-ին կայացել է հինգերորդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուլ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2019» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Հայ-Ռուսական համալսարանում կայացած միջոցառմանը ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը ողջունել է մրցույթի մասնակիցներին:
 
«Ունիվերսիադան արդեն դարձել է մեր ուսանողության ամենասիրված, ամենագեղեցիկ, ամենահամախմբող իրադարձություններից մեկը: Մենք չենք դիտարկում այս իրադարձությունը որպես մրցակցություն, այլ դիտարկում ենք սա որպես հայաստանյան լավագույն ուսանողությանը միավորող իրադարձություն: Եվ ես հենց այդ ենթատեքստում ուզում եմ ձեզ բոլորիդ ողջունել ու ասել, որ բոլորդ արդեն հաղթել եք, որովհետև միասնական եք լինելու ոչ միայն ձեր ուսանողական տարիներին, այլև որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես մեր երկրի ապագան կերտող գեղեցիկ սերունդ»,- նշել է նա:
 
Ունիվերսիադայի գլխավոր նպատակն է համախմբել ՀՀ և Արցախի ԲՈՒՀ-ական հանրությանը մեկ ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները ներկայացնելու համար: Ծրագրի նպատակն է ստեղծել հատուկ բարեկամական և մրցակցային մթնոլորտ, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, մասնակցելու մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների:
 
Մրցույթն անցկացվում է Հայ-Ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ:
 
Իր հերթին՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանն ասել է հետևյալը. «Սկսած 2014թ.-ից համագործակցության բարի ավանդույթ է ձևավորվել Հայ-Ռուսական համալսարանի և Պաշտպանության նախարարության միջև: Համոզված եմ, որ այս հերթական ունիվերսիադան ևս նոր լիցք կհաղորդի ուսանողների միջև ջերմ հարաբերությունների ձևավորման և առողջ ապրելակերպի տարածման գործում: Պաշտպանության նախարարությունը կարևորում է այս միջոցառումը, որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում որոշակի գիտելիքներ և ունակություններ ձեռք բերել նաև ռազմական ոլորտից՝ դառնալով հայրենիքի պաշտպանության համար պատրաստված երիտասարդներ»:
 
«ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2019» մրցույթին մասնակցելու են Հայ-Ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները, որոնք իրենց ուժերը չափելու են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցաշարերում: