Նորություններ«Web of science» և «Scopus»-ի գիտական հանդեսներում ՀՌՀ-ն տպագրել է մոտ 200 հոդված

02.12.2019
Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը դեկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀՌՀ-ի 14-րդ ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում (դեկտեմբերի 2-6) ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական և հումանիտար գիտական ուղղություններով 13 սեկցիաներում ներկայացվելու են ավելի քան 300 զեկույցներ:
 
Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ ընթացիկ տարում ՀՌՀ-ում տեղի են ունեցել բազմաթիվ գիտական կոնֆերանսներ, համաժողովներ, տարբեր թեմատիկ գիտաժողովներ, որոնցից ամենանշանակալիցը հոկտեմբերի 22-23-ը կայացած «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական համաժողովն էր: «Այս օրերի ընթացքում մենք տարբեր թեմատիկ և հետաքրքիր կլոր-սեղան քննարկումներ ենք կազմակերպելու ՀՌՀ-ի 14-րդ գիտաժողովի շրջանակներում: Ուզում եմ նաև նշել, որ Հայ-Ռուսական համալսարանը «Web of science» և «Scopus» շտեմարաններում ընդգրկված գիտական հանդեսներում տպագրել է մոտ 200 հոդված, և մեր նպատակն է առաջիկա տարում գերազանցել այդ թիվը»,- ասել է նա:
 
Իր հերթին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ասել է հետևյալը.
 
«Իսկապես շնորհակալ եմ մեր համալսարանի անձնակազմին, որովհետև մեր ուղղությունը դեպի գիտական համալսարան, դեպի համալսարան, որտեղ նորին գերազանցություն գիտությունն իսկապես գրավել և գրավում է իր ուրույն և արժանավույն տեղը»:
 
Նշենք, որ գիտաժողովի բացմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ. երկրի էկոլոգիան կարևորող, արդյունավետ տնտեսական մոդելները կիրառող, համահայկականությունը գիտակցող հանրության ձևավորումը որպես պետության և ազգի փրկության միակ միջոց» թեմայով) և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արամ Պապոյանը Օպտիկական մագնիսաչափություն. գիտական ձեռքբերումները և տեխնոլոգիական հեռանկարները» թեմայով):
 
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև կրթական և գիտական համագործակցության ամրապնդման գործում, Հայ-Ռուսական համալսարանում ճապոնագիտության զարգացման գործում նշանակալի ներդրման և ավանդի համար» ՀՌՀ-ի Պատվավոր դոկտորի կոչումը շնորհելու հանդիսավոր արարողությունը:
 
Հայ-Ռուսական համալսարանի 14-րդ ամենամյա գիտաժողովն ավարտվելու է դեկտեմբերի 6-ին: