Кто автор картины Сикстинская Mадонна?
Леонардо да Винчи
Сандро Боттичелли
Рафаэль

Результаты опроса


На что вы готовы пойти ради карьеры?
Ради карьеры я готов(а) на все
На все, но в рамках закона
Никогда не пожертвую людьми и отношениями ради карьеры
Затрудняюсь ответить

Результаты опроса

<<< Вернуться к Активному Выпуску

Вы можете оставить Ваш комментарий

 

Պոեզիայի, անկեղծության և սիրո մասին.
հարցազրույց Սոնա Վանի հետ
 
Ճանաչված բանաստեղծ Սոնա Վանը նոյեմբերի 16-ին հյուրնկալվեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Նա հանդիպեց համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, որոնք հնարավորություն ունեցան ուղղել բանաստեղծին իրենց հուզող հարցերը:
 
- Սոնա, ո՞րն է, ըստ Ձեզ, պոեզիայի գերագույն նվաճումը:
- Պոեզիայի գերագույն նվաճումն է, իմ կարցիքով, քանդել մինչև օրս կաղապարների մեջ եղած մեր հավատամքները:  Բանաստեղծը պիտի կարողանա բացել բոլոր կաղապարները մարդկանց մեջ և թույլ տա, որ միևնույն բանի մասին ոչինչ վերջնական չլինի: Այն, ինչ վերջնական է, բերում է փակուղի: Սա, իհարկե, չի վերաբերվում բարոյական նորմերին: Սա վերաբերվում է տիեզերքը, մարդու ներաշխարհը քննելու տեսակին, որը էվոլյուցիայի է տանում մարդուն: Եթե բոլոր հասկացությունները լինեն վերջնական, ապա մարդու հոգևոր էվոլյուցիա տեղի չի ունենա:
 
- Իսկ որն է Ձե՞ր պոեզիայի գլխավոր նվաճումը:
- Ընդհանրապես, գրողը, ինչպես ցանկացած ստեղծագործող, երբեք նվաճման մասին չի մտածում: Որովհետև արարքը շատ ակամա է, ենթագիտակցական, արվում է, որովհետև չես կարող դա չանել այդ պահին: Այնպես որ, անձամբ իմ մասին խոսելիս, ես կարող եմ ասել, որ երբեք ինքնազոհողության զգացմունք չեմ ապրում բանաստեղծություններ գրելու ժամանակ, ընդհակառակը, ապրում եմ ինքնափրկության զգացմունք, ինքս ինձ այդ պահին կողքից տեսնելու, ինչ-որ տեղ խոստովանելու ինչ-որ բան: Այն, ինչ եկեղեցում են անում շատ հաճախ, գրողը անում է ճերմակ թղթի առջև: Ինձ համար դա ինքնախոստովանության, ինքնամաքրման նաև, ինքս ինձ տարբեր իրավիճակներում տեսնելու, զգալու, արժևորելու, ինչ-որ տեղ իմ թուլությունները հասկանալու միջոց է, որը կայանում է, կրկնում եմ, ակամա: Դա պարզապես արվում է, որովհետև այդ պահին ինչ-որ երևույթ, որն հաճախ ես տեսնում, հանկարծ տեսնում ես մեկ այլ լույսի տակ: Այնպիսի լույսի տակ, որ քեզ թվում է, որ ոչ ոք նույն լույսի տակ այդ երևույթը չի տեսել կամ այդ զգացողությունը չի ունեցել:
 
Պետք է, որ անպայման երևույթը քեզ զարմացնի: Եթե մի բան ինձ չզարմացնի այնքան, որ ես հաղթահարեմ իմ ծուլությունը և վերցնեմ գրիչը, ես ինձ թույլ չեմ տա այդ մասին գրել ընդհանրապես: Դա նշանակում է թերարժևորել մեկ ուրիշին. դա քեզ չի զարմացնում, բայց դու կարծում ես, որ մեկ ուրիշի այն կարող է զարմացնել: Նման զգացողություն իմ մեջ երբեք չի եղել. սխալ թէ ճիշտ, ես կարծել եմ, որ այդ զգացողությունը, երևույթը, տեսակետը մի նորություն է, որ երբևիցե չի եղել աշխարհում: Գուցե և հետո պարզվի, որ եղել է, բայց գոնե այդ պահին, գրելուց ազնիվ լինելու և չթերագնահատելու համար այն մարդուն, որը պետք է կարդա իմ գրածը, ես պիտի կարծեմ, և հավատամ, և վստահ լինեմ, որ դա մի նոր բան է, որը կարող է ցնցել, ուրախացնել, ինչ-որ մի նոր զգացողություն առաջացնել նաև մեկ ուրիշի սրտի մեջ:
 
Ինձ համար ամեն մի երևույթ կարող է պոետիկ դառնալ ժամանակի մի կոնկրետ պահի մեջ: Ինչպես, օրինակ, փետուրը, որ հանկարծ ընկնում է թռչունի վրա, որը լողում է ջրի մեջ, և պատահական այդ փետուրը նա ափ է հասցնում, այդ պահին կարող է ինչ-որ էմոցիա արթնացնել իմ մոտ: Որովհետև ոչինչ պատահական չի թվում, երբ որ այդ աչքերով ես նայում երևույթին:
 
Այնպես որ, բանաստեղծությունը կոնկրետ դիտակետից դիտարկված ինչ-որ շատ հին բան է, որը հանկարծ նոր է թվում քեզ այդ պահին: Եվ բառի պոտենցիալի միջոցով բանաստեղծը կարողանում է այդ զգացողությանը, այդ բառին, երևույթին, որը հին է, տալ մի նոր կերպարանք: Եվ այդ նոր կերպարանքով ներկայացնել նախ ինքն իրեն, և հետո այնպես ճշգրտորեն ներկայացնել թղթի վրա, որ նույն զգացողությունը հաղորդվի մեկ ուրիշին:
 
Բանաստեղծի նվաճումը իր զգացողությունը նույնությամբ մեկ ուրիշին մատուցելն է: Այսինքն նրան տալ զգացմունքի անակնկալի այն հաճույքը, որն ինքն է ապրել այդ պահին: Բանաստեղծությունը արդեն ինքնին թարգմանություն է, որովհետև թարգմանում ես այդ պահին քո զգացածը, զգացածդ դարձնում ես բառ: Շատ հաճախ այդ թարգմանության ընթացքում բավական բան կորցնում ես: Իսկ մեկ ուրիշին հասցնելը արդեն կրկնակի կորստի վտանգ է պարունակում իր մեջ: Լավ է այն տողը, որը կարող է ընթերցողին տանել վերհուշի մի աշխարհ, որը փրկում է իրեն: Մենք շատ բաներ ապրում ենք, հատկապես կանայք, մտածելով, որ սա այդքան ցավալի է, որովհետև միայն մենք ենք անցել այդ ամենի միջով, միայն մեզ են ցավացրել ու միայն մենք ենք ունեցել ամոթի այդ պահը: Բանաստեղծը ինձ համար նվաճում է այն տողը, որը մեկ ուրիշին զգալ է տալիս, որ ես հավասարապես իր կողքին կանգնած նույն մարդն եմ, որն ունեցել է նույն ցավը, անցել է նույն դժվարության միջով և ահա այսօր կարողացել է այդ ամենից դուրս գալ և հիմա ասելիք ունի իրեն: Դա ամենամեծ նվաճումն է: Նվաճում է ունենալ ընթերցող, որը քո տողի միջոցով երբևիցե փրկվել է, եթե իր վատ օրը դարձել է լավ, ինչ-որ հույս է արթնացել: Իմ կարծիքով, բանաստեղծությունը և ընդհանրապես գրականությունը իր մեջ բարոյականության պատգամ պետք է ունենա: Եթե նույնիսկ գրվում է անբարոյականության մասին, ապա ի վերջո ընթերցողի հոգու մեջ դա պետք է բարոյական լիցքի փոխարկի: Բանաստեղծությունը չգրված մի իրավունք է վերապահում իր մեջ` մարդու մեջ պահպանել մարդկայինը, պահպանել այն, ինչը մեր աստվածային էության մասն է, մեր գերագույն “ես”-ը, որը միշտ չէ որ մենք կարողանում ենք փորձարկել կյանքի ընթացքում, որ մարդը գոնե մի պահ կարողանա հպվել իր գերագույն “ես”-ի հետ և հասկանա, որ կարող է ավելի լավը լինել:
 
- Ինչքանո՞վ են բառերը կարողանում թարգմանել Ձեր էությունը:
- Ինչպես ցանկացած թարգմանության ժամանակ, կորուստներ են լինում, այնպես էլ լինում են սեփական զգացողությունները թղթին հանձնելու ժամանակ: Չեմ կարծում, որ ես միշտ կարողանում եմ իմ զգացողությունները թղթին հանձնել նույն սրությամբ, նույն քանակով, միշտ էլ ինչ-որ կորուստ է լինում: Բայց թղթի վրա պահպանվում են միայն այն տողերը, որոնք բանաստեղծի կարծիքով դեռևս ի զորու են հաղորդակից անելու մեկ ուրիշին: Այլապես կարող ես պահպանել քո մեջ, կամ այդ տողը կհայտնվի աղբամանի մեջ: Բանաստեղծները ունենում են մեծ աղբամաններ` լցված թղթերով. դրանք այն թղթերն են, որորնք չեն կարողացել թարգմանել բանաստեղծի զգացողությունը, վերածել ճշգրիտ տողի, որը կարող է հուզել նաև մեկ ուրիշի: Ուրիշ բան է, եթե դու ինքդ կարող ես հուզել, բայց եթե չես կարող վերածել ուրիշին հուզող տողի, ավելի լավ է, որ այն ապրի քո հիշողության մեջ ինչպես զգայական հիշողություն, քան վերածվի մի տողի, որը ուրիշին ոչինչ չի տալիս:
 
 
- Սիրո մասին գրելիս` պարտադի՞ ր է այդ զգացմունքը ճաշակած լինել:
- Եթե դուք ի նկատի ունեք սեր տղամարդու և կնոջ միջև, ապա կարելի է գրել` նաև ճաշակած չլինելով: Ինչպես, օրինակ, բազմաթիվ հիվանդներ, որոնք տառապել են ինչ-որ հիվանդությամբ, չեն կարող գրել հիվանդության մասին այնքան ճշգրիտ, որքան լավ գրողը: Այսինքն, լավ գրողը ընդունակ է գրել ցանկացած նյութի մասին, ցանկացած զգացողության մասին, նույնիսկ առանց ճաշակած լինելու, որովհետև գրողը ունի մեկ այլ զգայարան, ինտուիցիա և կարողանում է դիտարկել նաև ուրիշի զգացողությունները, և հնարավոր է, որ շատ լավ բանաստեղծություն գրի սիրո մասին` առանց երբևիցե սիրահարված լինելու:
 
Բայց, իհարկե, սիրահարված լինելը և ընդհանրապես փորձը,  որը մարդը ունեցել է իր “մաշկի վրա”, ավելի իրական են դարձնում տողը: Սակայն, սիրո պահին բանաստեղծություն գրել հնարավոր չէ: Ես, օրինակ, երբևիցե չեմ կարողացել սիրո մասին բանաստեղծություն գրել, երբ այդ պահին սիրահարված եմ եղել: Որովհետև սիրահարությունը  այնպիսի սուր զգացողություն է, որը ամենակուլ է, այսինքն օգտագործում է մարդու բոլոր էներգետիկ պոտենցիալը: Իսկ բանաստեղծություն գրելու համար հարկավոր է հետադարձ հայացք, սիրո մասին կարելի է գրել սիրուց հետո: Ինչպես խեղդվողը չի կարող ջրի մասին խոսել, նա կարող է այդ փորձության մասին խոսել միայն փրկվելուց հետո, այդպես էլ  սիրահարված մարդը` միայն այդ դրությունից դուրս գալուց հետո:
 
 
- Ինչքանո՞վ է Ձեզ հաջողվում լինել այնպիսին, ինչպիսին Դուք կաք: Արդյո՞ք ընթերցողին դուր գալու ցանկությունը չի խանգարում լինել միանգամայն անկեղծ:
- Ընդհանրապես ինձ համար ճանաչված լինելու զգացումը իր մեջ կրում է այդպիսի վտանգ. երբ որ քեզ սիրում են, ծափահարում են, դա արդեն ինչ-որ տեղ պարտավորեցնում է քեզ ծափահարությունների շարունականությունը ապահովելու համար դուր գալ ընթերցողին, մարդկանց, որոնք հետևում են քեզ: Մի խոսքով, այդպես կոչված ճանաչվածությունը իր խանգարիչ ազդեցությունը այդ առումով ունենում է: Երբ որ զգում եմ, որ ինձ ընթերցում են, իմ մոտ շատ մեծ պատասխանատվության զգացում է առաջանում. Ես ունեմ ընթերցող, ուրեմն ունեմ ավելի մեծ պատասխանատվության զգացում լինել անկեղծ, լինել այն, ինչ ես կամ: Եվ ևս մի բան` ճանաչված լինելը բացի դիլետանտության տանելուց, ևս մի ճանապարհ է առաջարկում` լրիվ անկեղծության ճանապարհ: Գրողը արդեն ընտրության առջև է կանգնած: Անկեղծ լինելը ավելի հեշտ է դառնում, երբ քեզ արդեն ճանաչում են: Երբ որ քեզ ընկալում և ընդունում են ինչպիսին որ դու կաս. դու ազատ ես լինելու այն, ինչ-որ կաս, ավելի ազատ ես, քան նախկինում: Մինչև ճանաչվելը մարդ ավելի շատ է ուզում դուր գալ ընթերցողին, քան ճանաչվելուց հետո: Այդ առումով ճանաչվելը կարող է օգտավետ լինել. եթե դու վստահություն ես ներշնչել ընթերցողին, եթե դու ասելիք ունես և քո ասելիքը փրկելու արձագանք ունի, ապա ասելիքդ կարող է լինել ավելի անկեղծ: Ես միշտ ցանկանում եմ լինել անկեղծ, չնայած որ այդ անկեղծությունը շատ հարցերում կարող է ինձ վնասել: Ինձ համար դա ընտրություն չէ, ես կարծում եմ, որ անազնիվ է կանգնել բարձրախոսի առջև և ասել մի բան, որին դու չես հավատում:
 
- Հեռավորությունը հայրենասիրության զգացումը սրու՞մ է, թե բթացնում:
- Հայրենասիրությունը հարազատին, մորդ սիրելուն պես զգացողություն է, որը ոչինչ չի կարող ո՛չ սրել, ո՛չ բթացնել. մորդ սիրում ես անկախ նրանից, մոտ է նա, թե հեռու: Իսկ լեզվի առումով կարող եմ ասել, որ սրում է: Լեզուն գրողի համար օդի պես կարևոր է, կարծես լեռնագնացը, բարձրանալով, օդի կարիք է զգում: Երբ ես հայտվեցի օտար ափերում, հատկապես այն տարիներին, երբ ես շրջապատված չէի հայերով, 30 տարի առաջ, այդ բարձրունքի, հեռավորության վրա, ինձ համար օդը այնքան քիչ եր, որ ահագնացրեց այդ զգացողությունը և այդ առումով օգնեց նույնիսկ գրելուն: Այն, ինչը դառնում է քեզ համար ավելի քիչ, սկսում ես ավելի խնամքով պահպանել, և բառը քեզ համար դառնում է ավելի կարևոր, որովհետև քիչ է: Նման դեպքերում լեզուն պահպանելու ցանկությունն էլ է մեծանում: Ինձ հաճախ ասում են, որ 30 տարիներ ի վեր դրսում ես, բայց լեզուդ չես փոխել: Ես միշտ մի պարզ պատասխան եմ տալիս` որովհետև ես չեմ ցանկացել: Ես նկատել եմ, թե ինչքան մարդկանց մեջ ցանկություն կա լեզուն փոխելու: Եթե մարդ չցանկանա մի բան, ոչինչ ինքն իրեն չի փոխվում: Եվ եթե մարդ բանաստեղծ է, եթե լեզվի միջոցով է իր էությունը, անհատականությունը ապացուցում, ապա լեզուն նրա համար զենքի պես մի բան է, և մարդ չի կարող հրաժարվել այդ զենքից: Ես ինչպես հայրենիքը, այնպես էլ լեզուն իմ հետ տարել եմ, “գրպանի հայրենիք” հասկացողություն եմ ձեռք բերել և իմ հետ տանում եմ, ուր գնամ: Նույնն էլ լեզվի նկատմամբ, որովհետև հայրենիք և լեզու հասկացողությունները ինձ համար անբաժանելի են:
 
Ջուլիետա Կիրակոսյան
 

Оставьте Ваш комментарий
  Имя: 
Комментарий
 
# 89
20.11.10