Կենտրոնի մասին
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի խնդիրը հայ գրականության և մշակույթի ուսումնասիրությունը համալսարանում ընդլայնելը և խորացնելն է: Ընդ որում, կենտրոնի ուսումնասիրությունները չեն կրկնելու այլ հաստատությունների աշխատանքները: Կենտրոնն ունենալու է հետազոտությունների սեփական ուղղությունը` հայ գրականության և մշակույթի իրողությունների քննությունը եվրոպական և արևելյան համատեքստում: Հայ գրականությունը պետք է դիտվի իբրև եվրոպական և արևելյան մշակույթների մաս, որը, պահպանելով իր ազգային առանձնահատկությունները, արտացոլում է գրական զարգացման ընդհանուր օրինաչափություններ: Պետք է ցույց տալ այդ առանձնահատկությունների և ընդհանուր օրինաչափությունների հակասական կապերը:
Այս մոտեցումն անհրաժեշտ է մի կողմից հայագիտությունը և մասնավորապես հայ գրականության ուսումնասիրությունը սահմանափակ շրջանակներից դուրս բերելու և ռուսական ու եվրոպական գիտության մակարդակին հասցնելու, հայ մշակույթի տեղը համաշխարհային մշակույթի մեջ հասկանալու համար, մյուս կողմից գլոբալացման պայմաններում ազգային մտածողության բնույթը հասկանալու և ազգային մշակույթի ինքնությունը պահպանելու համար:
Կենտրոնը կապեր է հաստատելու ռուսական, արևմտյան (եվրոպական և ամերիկյան) և արևելյան գիտական կենտրոնների, համալսարանական ամբիոնների հետ, նրանց հետ համատեղ հետազոտելու է գրական և մշակութային կարևորագույն խնդիրները` միշտ ելնելով հայկական հետազոտական մտքի զարգացման կարիքներից: Աշխատանքի գլխավոր ձևերը կարող են լինել համատեղ հետազոտություններն ու գիտաժողովները: 2009 թ. նոյեմբերին կենտրոնն արդեն կազմակերպել է գիտաժողով «Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» թեմայով, որի նյութերի հիման վրա ստեղծվելու է գիրք հայկական էպոսի և մյուս ժողովուրդների էպոսների առնչությունների, այդ էպոսների շարքում հայկական էպոսի գրաված տեղի մասին:
Քանի որ կենտրոնը գործելու է համալսարանում, ուստի չի կարող կտրված լինել ոսումնական գործընթացից: Կենտրոնը պետք է կազմակերպի մասնագետների, դասախոսների փոխանակություններ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և արտասահմանյան, մասնավորապես ռուսական համալսարանների միջև:
Բնականաբար այս կենտրոնը սերտորեն համագործակցելու է հայկական մյուս գիտական կենտրոնների հետ, փորձելու է դառնալ մեր երկրում նշված ուղղությամբ կատարվող հետազոտությունների յուրատեսակ համակարգող: