ՀԱՅ | РУС | ENG 

Կենտրոնի մասին Նորություններ Պատկերասրահ Կապ


15.11.09
«Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» երրորդ միջազգային գիտաժողով

2009 թվականի նոյեմբերի 12-14 Երևանում կայացավ «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» երրորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական նորաստեղծ կենտրոնը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն տեղի, այլև արտասահմանի մի շարք առաջատար գիտական-ուսումնական հաստատություններ ներկայացնող մասնագետներ: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ազատ Եղիզարյանն իրենց խոսքում նշեցին այն կարևորության մասին, որն ունեն նման գիտաժողովները, որոնք կոչված են աշխարհին հայտնի դարձնելու հայկական հնագույն մշակույթի մի անքակտելի մասը` հայ ժողովրդական էպոսը, ծանոթանալու այլ ազգերի ժողովրդական էպոսներին, ինչպես նաև կապեր ստեղծելու աշխարհի տարբեր երկրներում գտնվող էպոսագետների միջև և քննարկման առարկա դարձնելու այն բոլոր խնդիրներն ու հարցերը, որոնք ցայսօր մնում են առկախ էպոսագիտության մեջ:

     Գիտաժողովի առաջին իսկ օրն անցավ աշխատանքային աշխույժ մթնոլորտում: Ներկայացվող զեկուցումներին հաջորդում էին բուռն քննարկումները, որոնք աչքի էին ընկնում իրենց մասնագիտական բնույթով: Էպոսագետ Սարգիս Հարությունյանն իր զեկուցման մեջ խոսեց տարբեր ժամանակներում կատարված «Սասնա ծռերի» ուսումնասիրությունների և դրանց հեռանկարների մասին: Գրականագետ Ազատ Եղիազարյանի ելույթը վերաբերում էր էպոսի գրավոր գոյակերպին, որը քննվում էր` սկսած «Գիլգամեշից» ու հոմերոսյան պոեմներից մինչև հայկական էպոսի առաջին գրառումները: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնակիցներից կարելի է առանձնացնել Արմեն Պետրոսյանի և Լևոն Աբրահամյանի զեկուցումները: Արմեն Պետրոսյանի զեկուցումը հայկական և կովկասյան էպոսների առնչությունների մասին էր: Լևոն Աբրահամյանը խոսեց էպոսում թշնամու սպանության ծիսաառասպելաբանական կողմի մասին: Նույն ինստիտուտի գիտաշխատող, էպոսագետ Արուսյակ Սահակյանի ելույթն էպոսում պետականության խնդրի մասին էր: «Նիբելունգների երգի» և հայկական էպոսի աղերսների մասին զեկուցում կարդաց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը: Բավականին բովանդակալից էր գերմանացի էպոսագետ Կառլ Ռայխլի զեկուցումը, որում հեղինակը հանգամանորեն անդրադարձել էր Սասունցի Դավթի և Փոքր Մհերի մենամարտին`քննելով այն հնդեվրոպական գրականության համատեքստում:

      Գիտաժողովը նույն տրամաբանությամբ շարունակվեց նաև հաջորդ օրը: Օրվա զեկուցումներից կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք աչքի ընկան հատկապես իրենց գիտական-հետազոտական բնույթով: Հնագետ Սիմոն Հմայակյանի զեկուցումն ուրարտական հուշարձանները «Սասնա ծռերի» և ժողովրդական ավանդությունների լույսի տակ քննելու նորովի փորձ էր: Հատկապես հետաքրքիր էր լսել Խորենացու` Մհերի դռանն առնչվող հիշատակումների և հնագետների որոնումների մասին: ԵՊՀ դասախոս, էպոսագետ Հայկ Համբարձումյանը խոսեց էպոսների և հատկապես «Սասնա ծռերի» մոտիվային ուղեցույցների ստեղծման անհրաժեշտության մասին: Այնուհետև ելույթ ունեցան Աբխազիայից ժամանած ակադեմիկոսներ Զուրաբ Ջապուան և Շոթա Սալակայան: Առաջինի զեկուցումը նվիրված էր աբխազական էպոսի կերպարներից Աբրսկիլի և հայկական Փոքր Մհերի համեմատական քննությանը: Շոթա Սալակայան կարդաց զեկուցում «Քարի և մետաղի դերը նարտական էպոսի նախասկզբնական միջուկի թվագրման գործում» վերնագրով: Արտերկրյա մասնակիցներից հարկ է նշել նաև հայտնի հայագետ, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Քաուիին, որի զեկուցումն անդրադառնում էր 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների` հայկական էպոսին առնչվող գրառումներին: Գիտաժողովում ընթերցվեց նաև Հնդկաստանի Նոր Դելիի Ազգային թանգարան-ինստիտուտի պրոֆեսոր Արփութա Ռանի Սենգուպտայի զեկուցումը` նվիրված բենգալական ժողովրդական էպոսին: Ցավոք տիկին Սենգուպտան չէր կարողացել ժամանել Երևան: Զեկուցումներով հանդես եկան նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորներ Ելենա Կարաբեկովան և Նատալյա Խաչատրյանը:

     Գիտաժողովի երկրորդ հագեցած օրն ավարտվեց: Փակման խոսքում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ազատ Եղիազարյանը կարևորեց նման շփումների դերը մեր գիտական և մշակութային կյանքում. գիտաժողովը շարունակական է լինելու. թվով արդեն երրորդ գիտաժողովին մոտ ապագայում կհաջորդի չորրորդը: Իսկ մինչ այդ ակնկալվում է, որ գիտաժողովում ընթերցված զեկուցումները գալիք տարում կտպագրվեն գրքի տեսքով:

     Արդեն հաջորդ օրը` նոյեմբերի 15-ին, օտարերկրյա հյուրերի համար կազմակերպվեց ուղևորություն դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Մասնակիցները եղան Արենի գյուղի մոտ վերջերս հայտնաբերված պեղավայրում: Այն ներկայացնում է համաշխարհային քաղաքակրթության մի դրվագը, որն ունի ավելի քան վեց հազար տարվա պատմություն: Հաջորդ կանգառը Նորավանքն էր` հայկական միջնադարյան ճարտարապետության ամենագեղեցիկ կոթողներից մեկը: Իր յուրօրինակ պարզությամբ ու անկրկնելի տեսքով հյուրեր առջև վեր հառնեց Սուրբ Զորաց եկեղեցին` ողջ Հայաստանում թերևս եզակին իր տեսակի մեջ: Սրանով էլ էքսկուրսիան ավարտվեց: Գիտաժողովի օտարազգի մասնակիցներն իրենց վերջին հայաստանյան օրն անցկացրին հոգևոր մթնոլորտում` տանելով իրենց հետ մնայուն հիշողություններ Սասնա ծռերի հայրենիքից:

 

 

© 2010 Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան