research
  • 17 Ապր
  • 2020

Չինացիները գիտեին, որ հայերը միշտ օգուտ էին բերում այն երկրին, որտեղ ապրում էին

    ՀՌՀ-ի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պ.գ.թ. Երվանդ Մարգարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Չինագիտության բաժնի ստեղծման գաղափարը սկզբնական շրջանում որոշ տարակուսանք է առաջացրել:

    Հազարամյակների բարեկամ ազգին ավելի խորապես հասկանալու համար Հայաստանում ուսանողները սովորում են ոչ միայն չին ժողովրդի լեզուն, այլ նաև պատմությունը, մշակույթը և հոգեբանությունը: Հայ-ռուսական համալսարանի Արտասահմանյան տարածաշրջանագիտություն ուղղության Չինագիտության բաժինը ուսանողների պակաս չունի: Համալսարանում ավելի քան 10 տարվա պատմություն ունեցող բաժնի շրջանավարտներից շատերն արդեն աշխատանքի են անցել Չինաստանում, իսկ դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է: Բուհի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Երվանդ Մարգարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Չինագիտության բաժնի ստեղծման գաղափարը սկզբնական շրջանում որոշ տարակուսանք է առաջացրել:

    «Ես հիշում եմ, որ երբ այդ հարցն առաջին անգամ ծագեց մեր համալսարանի գիտական խորհրդում, շատերը չէին գիտակցում, թե որքան կարևոր է այդ պետությունը՝ չնայած, որ Չինաստանն արդեն դարձել էր աշխարհի երկրորդ տնտեսությունը: Բարեբախտաբար, մեր ղեկավարությունում ռազմավարական մտածողություն ունեցող անձինք են, ովքեր հեռուն են տեսնում: Նրանք ճիշտ գուշակեցին, որ դա իսկապես հեռանկարային ուղղություն է, և դիմեցին այդ ռիսկին: Այն իրեն արդարացրեց»,- ասաց Մարգարյանը:

    Այսօր արդեն մեծ հետաքրքրություն առաջացնող բաժինն առաջին տարում շատ քիչ թվով դիմորդներ է ունեցել, ինչը, սակայն, չի հուսահատեցրել գաղափարի հեղինակներին:

    «Սկզբում շատ քիչ մարդ ընդունվեց «Չինագիտություն» ուղղությամբ: Առաջին տարում մենք ունեցանք ընդամենը 5 ուսանող: Բայց տարեցտարի ուսանողների թիվն սկսեց աճել: Կարող էր և չաճել: Մեզանում հիմա էլ կան և եղել են ուղղություններ, որտեղ ուսանողների էական աճ չկա, բայց Չինագիտության բաժնում միանգամից եղավ: Նրանք շատ են սիրում իրենց մասնագիտությունը: Շատերի փոխարեն ծնողներն են ընտրում այդ մասնագիտությունը, ուղղակի ենթադրելով, որ դա հեռանկարային ուղղություն է, բայց ընկնելով մեզ մոտ 1-2 տարի հետո նրանք այնպես են սիրահարվում Չինաստանին, որ այն դառնում է իրենց մոլուցքը: Չինաստան գնալու մոտիվացիան նույնպես նրանց դարձնում է կրկնակի լավ մասնագետ»,- նշեց նա:

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Չինագիտության բաժնի լավագույն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնառության ընթացքում այցելել Չինաստան և այնտեղ անցնել պրակտիկայի մի մասը:

    «Չինաստանը մեր ուսանողներին տալիս է հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում Չինաստանում պրակտիկա անցնելու: Դա լինում է տարբեր ժամանակահատվածներով՝ մեկ ամիս, երկու ամիս, կես տարի, մեկ տարի, մագիստրատուրան կամ ասպիրանտուրան ամբողջությամբ: Չինաստանում այժմ մեր ուսանողներից ու շրջանավարտներից ձևավորված շատ մեծ համայնք ունենք, ովքեր սովորում և աշխատում են: Ամեն տարի այս ուղղությամբ ընդունվում է միջինում 20-25 հոգի, որոնցից միջինում 10-15 հոգին ուսումնառության ընթացքում գոնե մեկ անգամ լինում են Չինաստանում»,- ասաց Մարգարյանը:

    Պատմական գիտությունների թեկնածու Երվանդ Մարգարյանը նշեց, որ Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը հայերի շրջանում առաջացել է դեռևս հազարամյակներ առաջ: Հայ առևտրականները հարյուրամյակներ շարունակ վայելել են չինացի բարձրաստիճան պաշտոնյաների համակրանքը:

    «Հայ-չինական հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն, և հայ միջնադարյան հեղինակների աշխատություններում Չինաստանի մասին պատկերացումները շատ հետաքրքիր էին ու ուտոպիական: Նրանք համարում էին, որ Չինաստանն աշխարհի ամենագեղեցիկ և ամենահաջողակ երկիրն է: Հայերը միշտ հանդիսացել են շատ արդյունավետ միջնորդ Արևելք-Արևմուտք առևտրային կապերի համար: Հայերը Չինաստանում ունեցել են իրենց առևտրային ընկերությունները, և միշտ վայելել են չին կայսրերի, բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունը, որովհետև չինացիները միշտ շատ են վստահել հայերին: Նրանք համարել են, որ հայերը շատ ազնիվ առևտրականներ են, և նրանց կարելի է տալ արտոնություններ: Չինացիները գիտեին, որ հայրը միշտ օգուտ են բերում այն երկրին, որում ապրում էին: Պատահական չէ, որ 16-րդ դարում իսպանացի առաքյալները, երբ փորձում էին թափանցել մեկուսացված Չինաստան, նրանք դա անում էին հայ առևտրականների անվան տակ, որովհետև հայ առևտրականները խնդիր չունեին Չինաստանում»,- նշեց Մարգարյանը:

    Չինագիտության բաժնի ուսանողները սովորում են ոչ միայն չին ժողովրդի լեզուն, այլ նաև պատմությունը, մշակույթը և հոգեբանությունը: «Մենք նախապատրաստում ենք չինագետների՝ այդ բառի լայն իմաստով: Չինագետ եզրույթը ենթադրում է, որ այդ մասնագիտության տերը պետք է իմանա առաջին հերթին չինարեն, բայց պետք է հասկանա, թե ինչ է այսօր կատարվում չինական տնտեսության հետ, պետք է լավ տիրապետի չինական գրականությանը, կերպարվեստին, կինեմատոգրաֆիային, պատմությանն ու աշխարհագրությանը, էթնոհոգեբանությանը: Բոլոր այս բաղադրիչներն ընդգրկված են մեր առարկաների ցանկում»,- ասաց Երվանդ Մարգարյանը:

    Հայ-ռուսական համալսարանում քիչ չէ նաև ազգությամբ չինացի ուսանողների թիվը, որոնք էլ իրենց հերթին ունեն հետաքրքրություն հայերենի նկատմամբ: