research
  • 05 Հու
  • 2026

ՌՀՀ և AIESEC Armenia-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

    Հուշագրի նպատակն է ձևավորել երկարաժամկետ գործընկերություն:

    Ռուս-հայկական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը և «Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների «Այսեկ» ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ազատուհի Խաչատրյանը հունիսի 5-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ միջազգային ծրագրեր, կազմակերպել կրթական միջոցառումներ և նպաստել ակադեմիական շարժունության զարգացմանը։

    Հուշագրի նպատակն է ձևավորել երկարաժամկետ գործընկերություն՝ ուղղված ուսանողների և երիտասարդ մասնագետների կրթական ու մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը, միջազգային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև գործնական գիտելիքների և առաջնորդական հմտությունների զարգացմանը նպաստելուն։

    Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնվել են համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ ապահովել ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությունը փոխանակային ծրագրերին, իրականացնել համատեղ միջազգային համագործակցային ծրագրեր, այդ թվում՝ համատեղ վերապատրաստման դասընթացներ և արտասահմանում ուսանողների պրակտիկաների կազմակերպում, ինչպես նաև կազմակերպել դասախոսություններ, սեմինարներ և կոնֆերանսներ։

    Բացի այդ, հուշագիրը նախատեսում է ուսումնամեթոդական նյութերի և գրականության փոխանակում, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացում՝ միտված կրթության որակի բարձրացմանը և երիտասարդների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը։