research
  • 20 Հոկ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել GDTM-2026-ին Սանկտ Պետերբուրգում

    Այս տարի ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտը երրորդ անգամ անընդմեջ հանդես է եկել որպես գիտաժողովի համակազմակերպիչ:

    Ռուս-Հայկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են «Շուկաների թվային փոխակերպման գլոբալ մարտահրավերները» (GDTM-2026) միջազգային գիտաժողովին, որն անցկացվել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանում։

    Այս տարի ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտը երրորդ անգամ անընդմեջ հանդես է եկել որպես գիտաժողովի համակազմակերպիչ՝ համակարգելով «Ժամանակակից կառավարման, տնտեսագիտության և ծառայությունների ոլորտի արդի հիմնախնդիրները թվային փոխակերպման համատեքստում․ տեսություն և պրակտիկա» խորագրով մասնագիտական բաժնի աշխատանքները։ 

    Համակազմակերպիչների անունից ողջույնի խոսքով հանդես է եկել ՌՀՀ մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Քրիստինե Գինոսյանը՝ կարևորելով երկու համալսարանների համագործակցությունը, հետազոտական փորձի փոխանակումը և բարձրագույն կրթության զարգացման նոր ուղղությունների ձևավորումը։

    2026 թվականին ՌՀՀ-ից գիտաժողովի համապատասխան բաժին է ներկայացվել ավելի քան 30 հայտ։ Զեկուցումները նվիրված էին Հայաստանի տնտեսության թվային փոխակերպմանը և կառավարման գործընթացներում խելացի տեխնոլոգիաների ներդրմանը։ Լիագումար նիստի շրջանակում ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի վարիչ Հռիփսիմե Քոջոյանը ներկայացրել է զեկուցում՝ Հայաստանում թվայնացման պայմաններում համալսարանական էկոհամակարգի ձևավորման վերաբերյալ։

    ՌՀՀ Տնտեսական տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի աշխատակիցները պատրաստել են վեց գիտական զեկուցում, որոնցից մեկը՝ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի համահեղինակությամբ։ Սանկտ Պետերբուրգում համալսարանն առկա ձևաչափով ներկայացրել են ամբիոնի ավագ գիտաշխատող Զինավարդ Պապյանը և ասիստենտ Լևոն Մանուկյանը։ Բաժնի աշխատանքները շարունակվել են երկու համալսարանների երիտասարդ դասախոսների, ասպիրանտների և ուսանողների ելույթներով։