
- 03 Մայ
- 2023
ՀՌՀ թիմը պատվով ներկայացրել է Հայաստանը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթին
Աշխարհի առաջատար բուհերի 135 թիմերի շարքում ՀՌՀ թիմը տարել է երեք հաղթանակ մրցույթի 4 փուլերում և զբաղեցրել 53-րդ տեղը՝ առաջ անցնելով եվրոպական մի շարք առաջատար բուհերից։
Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության ուսանողական թիմը՝ որպես Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի (Jessup International Moot Court Competition) ազգային մրցափուլի հաղթող, ներկայացրել է ՀՌՀ-ն և Հայաստանը Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած վերոնշյալ մրցույթի վերջնական փուլին։
Աշխարհի առաջատար բուհերի 135 թիմերի շարքում ՀՌՀ թիմը, որի անդամներն են «Միջազգային հանրային իրավունքի և եվրոպական իրավունք» ուղղության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Միքայել Արշակյանը և Սվետլանա Չախմախչյանը, ինչպես նաև 3-րդ կուրսի ուսանող Հասմիկ Մկրտչյանը (մարզչիչներ՝ Արեգ Մալխասյան և Շուշաննա Ալեքսանյան), տարել է երեք հաղթանակ մրցույթի 4 փուլերում և զբաղեցրել 53-րդ տեղը՝ առաջ անցնելով եվրոպական մի շարք առաջատար բուհերից։

Այս տարվա խաղարկային դատախաղի թեման վերաբերում էր խաղաղության պայմանագրի մեկնաբանման հարցերին, միակողմանի տնտեսական պատժամիջոցներին և պետությունների պարտավորություններին վտանգավոր թափոնների տնօրինման ոլորտում։
«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն էր` մեր գիտելիքները և հմտությունները համեմատելու աշխարհի բուհերի մեր սերնդի լավագույն ուսանողների գիտելիքների հետ։ Եվ մրցույթի արդյունքում պարզվեց, որ մեր թիմը և տեսական, և գործնական մասնագիտական հմտություններով չի զիջում աշխարհի առաջատար բուհերի թիմերին»,- ընդգծել է Միքայել Արշակյանը։
Նշենք, որ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը որակվել է որպես աշխարհի ամենահեղինակավոր դատախաղ մրցույթը միջազգային մեծ թվով կազմակերպությունների և համալսարանների կողմից։
Դատական վեճերը մոդելավորվում են Արդարադատության միջազգային դատարանում քննվող վեճերի օրինակով։ Մրցույթը կրում է Ֆիլիպ Ջեսափի անունը, որը ժամանակին ծառայել է ICJ-ում և կազմակերպվել է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի (ILSA) կողմից։ Դատախաղը սկսվել է որպես շահերի պաշտպանության ընկերական մրցույթ Հարվարդի համալսարանի երկու թիմերի միջև 1960թ․-ին։ Առաջին չեմպիոնները հռչակվել են 1963թ․-ին, իսկ ոչ ամերիկյան թիմերը մրցույթին սկսել են մասնակցել 1968թ․-ից։ Մրցույթի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա մրցույթ-դատախաղին Հայաստանը մասնակցում է 2000թ․-ից: