- 21 Հու
- 2024
Սուրեն Դավիթավյան. «Հայ-Ռուսական համալսարանը տալիս է անթիվ հնարավորություններ, և միայն քեզնից է կախված, թե ինչպես դու դրանք կօգտագործես»:
ՀՌՀ շրջանավարտ Սուրեն Դավիթավյանի հետ զրուցեցինք համալսարանի և ուղղության ընտրության, ուսանողական կյանքի, գիտական ձեռքբերումների մասին:
Հայ-Ռուսական համալսարանի «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» ուղղության շրջանավարտ Սուրեն Դավիթավյանը այժմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողն է, BostonGene Armenia կազմակերպության կլինիկական կենսաինֆորմատիկն է, նաև դասախոսություններով է հանդես գալիս ՀՌՀ-ում ու Ամերիկյան համալսարանում:
Սուրեն Դավիթավյանի հետ զրուցեցինք համալսարանի և ուղղության ընտրության, ուսանողական կյանքի, գիտական ձեռքբերումների մասին:
Ի սկզբանե հետաքրքրություններս շատ տարբեր են եղել։ Առաջին հետաքրքրությունս եղել էր պատմության հանդեպ, քանզի կարելի էր ուսումնասիրել տարբեր ժամանակաշրջաններում մարդկանց մտածելակերպն ու վարքագիծը։ Այնուհետև ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներն էին գրավում։ Բայց արդեն դպրոցի ավարտական դասարանում ես վերջնական որոշեցի շարունակել կրթությունս կենսաբանության և քիմիայի ուղղությամբ։
Հայ-Ռուսական համալսարանի դերը մեծ է իմ կայացման հարցում։ Հմուտ դասախոսական անձնակազմը և իդեալական համադրված առարկաների ցանկը տալիս են ուսանողին զարգանալու հնարավորություն:
Ուսանողական տարիների ընթացքում մասնակցել եմ տարբեր միջոցառումներին, բայց ամենասիրած զբաղմունքս եղել է վոլեյբոլը, որով մինչ օրս փորձում եմ զբաղվել և միանալ համալսարանական պարապմունքներին։ Այն ինձ թույլ է տվել լարված մտավոր աշխատանքից հետո մտնել դաշտ և այնտեղ թողնել նեգատիվ էներգիան։ Բացի ակտիվ սպորտային կյանքից ՀՌՀ-ն ինձ տվել է ընկերներ, որոնց հետ շատ երկար ճանապարհ եմ անցել։
Մեր համալսարանը փորձում է ամեն կերպ աջակցել գիտական ոլորտ ընտրած ուսանողներին։ Այդ աջակցությունը կարող է լինել և կոնֆերանսների, և տարբեր ծրագրերի տեսքով, որոնց միջոցով կարող ես մեկնել արտասահման՝ ուսումը շարունակելու։ Հայ-Ռուսական համալսարանը տալիս է անթիվ հնարավորություններ, և միայն քեզնից է կախված, թե ինչպես դու դրանք կօգտագործես։
Զրուցեց` Լիլիթ Շահինյանը