research
  • 09 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը ԱՊՀ երկրներում

    Համաժողովին մասնակցում են գիտնականներ, դասախոսներ և մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և Տաջիկստանից։

    ԱՊՀ 35-ամյակին նվիրված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը ԱՊՀ երկրներում» միջազգային համաժողովը մեկնարկել է Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 9-ին:
     
    Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՌՀՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը, Լեսգաֆտի անվան ՆԳՀ գիտության, նորարարությունների և թվային փոխակերպման գծով պրոռեկտոր Ալեքսեյ Բարյաևը, ինչպես նաև ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը։

    ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանն ընդգծել է առողջապահական համակարգի բարեփոխումների կարևորությունը՝ նշելով, որ պետական ծրագրերի շնորհիվ Հայաստանում միջին կյանքի տևողությունը 75-ից հասել է 78 տարվա։ 

    Իր հերթին, Արմեն Գրիգորյանը շեշտել է զանգվածային սպորտի և գիտականորեն հիմնավորված մեթոդների զարգացման անհրաժեշտությունը։

    Համաժողովին մասնակցում են գիտնականներ, դասախոսներ և մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և Տաջիկստանից։ Ծրագիրն ընդգրկում է 13 ուղղություն՝ սկսած կենսաբժշկական հիմքերից մինչև կիբերսպորտ և սպորտային մենեջմենթ:
     
    Նշենք, որ ֆորումի կազմակերպիչներն էին ՌՀՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։