- 13 Հոկ
- 2025
ՌՀՀ ուսանողները մասնակցեցին միջբուհական դատախաղին
Մրցույթին մասնակցում էին Իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերից:
Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի Բանավեճի ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին և 24-ին կայացած միջբուհական դատախաղին:
ՌՀՀ ներկայացավ 2 խմբով: Առաջին խմբի կազմում էին 4-րդ կուրսի ուսանողներ Գևորգ Խաչատրյանը, Էդմոն Կարապետյանը, Էմմա Գոզալյանը, Լիլիա Մարգարյանը: Խումբը հանդես եկավ մեղադրական կողմից, մրցեց ԵՊՀ ուսանողների հետ,արդյունքում մեղադրանքը մասամբ բավարարվեց։
Երկրորդ թիմը՝ հանդես գալով պաշտպանական դիրքերից, մրցեց ՆԳՆ ուսանողների հետ և տոնեց լիարժեք հաղթանակ։ Խմբի կազմում էին 4-րդ կուրսի ուսանողներ Թեհմինե Մանուչարյանը, Մարիամ Հայրապետյանը, Լաուրա Ղազարյանը, Ալվարդ Գևորգյանը:
Այս ձեռքբերումը վկայում է Ռուս-Հայկական համալսարանի ուսանողների բարձր մասնագիտական պատրաստվածության, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի արդյունավետության մասին։
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին Իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերից՝ ԵՊՀ-ից, ՌՀՀ-ից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՆԳՆ կրթահամալիրից և Հայաստանում եվրոպական համալսարանից։







