- 11 Հոկ
- 2026
ՌՀՀ դպրոցի աշակերտները մասնակցել են պաստառային արվեստի վարպետության դասի՝ Մոսկվայի տանը
Դպրոցականները սովորել են ստեղծել արտահայտիչ պաստառներ՝ համադրելով գրաֆիկան, գեղանկարչությունն ու տեքստը։
ՌՀՀ-ի «Ուսմունք» դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները մասնակցել են պաստառային արվեստի վարպետության դասի, որն անցկացվել է Երևանում՝ Մոսկվայի տանը, «Մոսկվան յուրաքանչյուրի սրտում է» մրցույթի շրջանակում։ Աշակերտները ծանոթացել են Ռուսաստանի մայրաքաղաքի պատմությանն ու խորհրդանիշներին և արվեստի միջոցով արտահայտել Մոսկվայի մասին իրենց պատկերացումները։
Վարպետության դասի մոդերատոր, ճարտարապետ և «ART ՕԿ.NО» դպրոցի համահիմնադիր Վիկտորյա Սոցկովայի ղեկավարությամբ՝ դպրոցականները սովորել են ստեղծել արտահայտիչ պաստառներ՝ համադրելով գրաֆիկան, գեղանկարչությունն ու տեքստը։ Մասնակիցներն իրենց երևակայության, ստեղծագործական մոտեցման և անհատականության շնորհիվ իրենց գաղափարները վերածել են վառ ու ինքնատիպ գեղարվեստական աշխատանքների։
Միջոցառմանը դպրոցականներին ուղեկցել է կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսինե Ազատյանը։ Միջոցառման կազմակերպիչներն էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը։







