ՌՀՀ-ում կքննարկեն ռուս և հայ պոեզիայի երկխոսությունը
Ինչպե՞ս թարգմանության մեջ փոխանցել ոչ միայն իմաստը, այլև բանաստեղծության երաժշտականությունը, ելևէջներն ու շունչը։ Որտե՞ղ է ավարտվում թարգմանությունը և սկսվում ինքնուրույն ստեղծագործությունը։
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ին, Ռուս-Հայկական համալսարանի 451 լսարանում տեղի կունենա «Մի բանաստեղծության երկու ձայն» խորագրով միջոցառումը, որը կմիավորի ինտելեկտուալ խաղը, գրական հանելուկներն ու բանաստեղծությունների ասմունքը։ Սա զրույց է լեզվական ու մշակութային սահմանները հաղթահարող պոեզիայի, երկու բանաստեղծական ձայների համահնչունության մասին՝ սրտից սիրտ։
Ռուսական պոեզիայի ոսկեդարը գրական հանդիպումների և ստեղծագործական երկխոսությունների աշխարհ է։ Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Վասիլի Ժուկովսկին և այլ բանաստեղծներ, դիմելով համաշխարհային գրականությանը, վերաիմաստավորում էին օտարալեզու ստեղծագործությունները՝ դրանց հաղորդելով նոր գեղարվեստական հնչեղություն։ Իր հերթին ռուս դասական պոեզիան նոր կյանք էր ստանում Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Վահագն Դավթյանի և այլ հայ բանաստեղծների թարգմանություններում։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպում է Ռուս-Հայկական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնը։








