ՌՀՀ-ում կանցկացվի «Պայմանագիրը կնքված է» խորագրով գործարար խաղ
Հոկտեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, №419 լսարանում, Կառավարման միջազգային փառատոնի շրջանակում կանցկացվի «Պայմանագիրը կնքված է» խորագրով գործարար խաղ՝ նվիրված միջազգային կառավարմանը և բանակցությունների վարման արվեստին։
Բանախոսներն են Անտոն Շաբանը՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի Արդյունաբերական կառավարման, տնտեսագիտության և առևտրի ինստիտուտի Արտադրական կառավարման բարձրագույն դպրոցի առաջխաղացման գծով փոխտնօրեն, և Տիմոֆեյ Դուդնիկովը՝ նույն դպրոցի ասիստենտ և միջազգային գործունեության պատասխանատու։
Գործարար խաղի ընթացքում մասնակիցները կծանոթանան միջազգային կառավարման տեսական և գործնական կողմերին, ինչպես նաև արդյունավետ բանակցությունների վարման ռազմավարություններին և մարտավարություններին։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի փոխզիջումների որոնմանը, փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ժամանակակից բիզնես միջավայրում որոշումների կայացմանը։
Խաղի նպատակն է զարգացնել հետազոտական և ստեղծագործական մտածողությունը, նախագծման և մշակման հմտությունները, քննադատական վերլուծության, որոշումների կայացման և թիմային աշխատանքի կարողությունները։ Մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու իրենց գիտելիքները, փոխանակվելու փորձով և զարգացնելու գործարար միջավայրում արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ հմտությունները։








