- 23 Հոկ
- 2024
ՀՌՀ մագիստրանտ Ֆենյա Աղաբեկյանը ճանաչվել է լավագույն զեկուցող Երևանի պետական համալսարանի X միջազգային գիտաժողովի արդյունքներով
Ֆենյա Աղաբեկյանի կողմից ներկայացվել է զեկույց՝ «Ազգային առանձնահատկությունների ազդեցությունը պետաիրավական արժեբանության ձևավորման վրա», գիտական ղեկավար է հանդիսացել ՀՌՀ իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
Իրավունքի ինստիտուտի «Հանրային միջազգային իրավունք, եվրոպական իրավունք» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Ֆենյա Աղաբեկյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին՝ իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ենթաբաժանմունքում ճանաչվելով լավագույն զեկուցող: Ֆենյա Աղաբեկյանի կողմից ներկայացվել է զեկույց՝ «Ազգային առանձնահատկությունների ազդեցությունը պետաիրավական արժեբանության ձևավորման վրա», գիտական ղեկավար է հանդիսացել ՀՌՀ իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
Հոդվածում հեղինակն առաջադրում է այն գաղափարը, ըստ որի իրավունքն իր համամարդկային բնույթին զուգահեռ՝ առանձին ազգային իրավական համակարգերում զարգանում և իմաստավորվում է ժողովրդի պատմաքաղաքական և սոցիալ-մշակութային զարգացումը բնորոշող ազգային առանձնահատկությունների համատեքստում։
Ֆենյա Աղաբեկյանը մատնանշում է, որ սահմանադրաիրավական արժեքների ձևավորումը տեղ է գտնում պետականաստեղծ ժողովրդի քաղաքական-մշակութային ընդհանուր նպատակների և սկզբունքների համատեքստում, ինչն արտացոլվում է նաև պոզիտիվ սահմանադրական իրավունքում։
Վերոգրյալի հիման վրա հեղինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական բլոկի ընդհանուր նկարագիրը, մասնավորապես, վերհանելով պետականահեն փաստաթղթերի սահմանադրաիրավական նշանակությունն ու դրանցում ամրագրված պետականաստեղծ արժեքներն ու գաղափարադրույթները։
Ֆենյա Աղաբեկյանի խոսքերով Երևանի պետական համալսարանի ամենամյա գիտաժողովը հիանալի առիթ է Հայաստանի բուհերի երիտասարդ հետազոտողների միջև կապերի ստեղծման, ինչպես նաև մեր համալսարանների համագործակցության ամրապնդման համար:
Նշենք, որ սույն գիտաժողովի հիմնական նպատակը ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների գիտական և ստեղծագործական ակտիվության խթանումն է և Հայաստանի գիտական հանրույթում կապերի ամրապնդումը: