- 24 Հու
- 2026
ՌՀՀ ներկայացուցիչները հանդես եկան Բուլղարիայում անցկացված միջազգային գիտաժողովում
Գիտաժողովը նվիրված էր Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանի Դասական և ժամանակակից բանասիրության ֆակուլտետի «Դասական Արևելքի» ամբիոնի «Հայագիտություն և կովկասագիտություն» մասնագիտության հիմնադրման 30-ամյակին։
Ռուս-Հայկական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Մարգարյանը և Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Համաշխարհային և ռուս գրականության ու մշակույթի ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Գայանե Մարգարյանը առկա ձևաչափով մասնակցել են «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» («Armenia – Crossroad of Centuries and Worlds») միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 18–19-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում։ Հեղինակավոր գիտական համաժողովը կազմակերպել էր Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանը և նվիրված էր համալսարանի Դասական և ժամանակակից բանասիրության ֆակուլտետի «Դասական Արևելքի» ամբիոնի «Հայագիտություն և կովկասագիտություն» մասնագիտության հիմնադրման 30-ամյակին։
Միջոցառմանը առցանց ձևաչափով հանդես են եկել նաև ՌՀՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նինա Տատկալոն և Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գևորգյանը՝ ներկայացնելով «Առած-ասացվածքների համարժեքության միջլեզվային դիտարկումներ հայերենում, անգլերենում և ռուսերենում» թեմայով զեկույցը, Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանը՝ «Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը. ընդհանուր գծերն ու տարբերությունները» թեմայով, Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Սարգսյանը՝ «Գիտությունը և փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում մշակութային ազգի մոդելի ձևավորման և գործառման համատեքստում» թեմայով, ինչպես նաև Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Նաիրա Իսկանդարյանը՝ «Առասպելից ավանդույթ. մշակութային պատկերացումների փոխանցման ընտանեկան մեխանիզմները հայկական «Սասնա ծռեր» էպոսում» թեմայով զեկույցով։
Նշենք, որ «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» միջազգային գիտաժողովը կարևոր հարթակ դարձավ գիտական փորձի փոխանակման և հայագիտության ոլորտում ՌՀՀ միջազգային կապերի ամրապնդման համար։







