- 27 Նոյ
- 2026
ԱԲ փորձագետ Սվեն Բադալյանը պատմեց ՌՀՀ ուսանողներին, թե ինչպես ստեղծել բարդ ծրագրային լուծումներ Vibe Coding-ի միջոցով
Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրական ժամանակում հետևելու մշակման ողջ գործընթացին՝ գաղափարի ձևավորումից մինչև արհեստական բանականությանը առաջադրանքների ձևակերպում, ստացված արդյունքի ստուգում և թեստավորում։
Արհեստական բանականության փորձագետ Սվեն Բադալյանը նոյեմբերի 26-ին Ռուս-Հայկական համալսարանում անցկացրել է «Vibe Coding with Claude. Ինչպես են ծրագրային ապահովման ճարտարապետները ստեղծում բարդ կոդ՝ առանց որևէ տող գրելու» թեմայով բաց սեմինար:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է, թե ինչպես կարելի է ժամանակակից արհեստական բանականության գործիքների, մասնավորապես՝ Claude-ի միջոցով, ստեղծել լիարժեք ծրագրային լուծումներ՝ առանց կոդը ձեռքով գրելու։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրական ժամանակում հետևելու մշակման ողջ գործընթացին՝ գաղափարի ձևավորումից և ճարտարապետության նախագծումից մինչև արհեստական բանականությանը առաջադրանքների ձևակերպում, ստացված արդյունքի ստուգում և թեստավորում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գեներատիվ արհեստական բանականության դարաշրջանում ծրագրավորողի դերի փոփոխությանը։ Սեմինարը ցույց է տվել, որ այսօր տեխնիկական գիտելիքներին զուգահեռ ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում համակարգային նախագծման, ճարտարապետական լուծումների մշակման, UI/UX նախագծման և վերջնական արտադրանքի որակի գնահատման հմտությունները։
Սվեն Բադալյանը ներկայացրել է նաև Claude-ի հետ աշխատանքի գործնական մոտեցումները՝ ցուցադրելով, թե ինչ մասնագիտական կարողություններ են անհրաժեշտ կոդի անմիջական գրառումից դեպի ծրագրային համակարգերի նախագծում և նոր արտադրանքների ստեղծում անցում կատարելու համար։
Նշենք, որ Սվեն Բադալյանն ավելի քան տասը տարի աշխատում է արհեստական բանականության ոլորտում և իրականացրել է այս ուղղությամբ ավելի քան 30 նախագիծ։ Ներկայումս նա ղեկավարում է սեփական ընկերությունը, որի 15 մասնագետից բաղկացած թիմը գեներատիվ արհեստական բանականության ոլորտում բարդ լուծումներ է մշակում գերմանական խոշոր ընկերության համար։ Բացի այդ, Սվեն Բադալյանը ՌՀՀ-ի մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս է։
Միջոցառումը կազմակերպել էր ՌՀՀ-ի մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը։







