- 07 Մայ
- 2026
Երևանում մեկնարկել է «Բարխուդարովյան ընթերցումներ» II միջազգային գիտամեթոդական համաժողովը
Համաժողովին մասնակցում են 80 հետազոտողներ Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Իրանից։
Հայաստանում այսօր ռուսաց լեզուն բախվում է լուրջ մարտահրավերների․ դպրոցներում կրճատվում է ուսումնական ժամերի քանակը, իսկ լեզվի կարգավիճակը «ոչ մայրենիից» փոխվել է «օտար լեզվի», ինչը հանգեցնում է լեզվի և մշակույթի ուսումնասիրման միջև երկարամյա կապի խզմանը։ Այդ մասին հայտարարել է ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նինա Տատկալոն՝ Ռուս-հայկական համալսարանում մայիսի 7-ին մեկնարկած «Բարխուդարովյան ընթերցումներ» II միջազգային գիտամեթոդական համաժողովի բացման ժամանակ։
Պրոֆեսոր Տատկալոն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ որակյալ մասնագետների պատրաստման և նոր մոտեցումների ներդրման վրա։ «Մենք առաջին հերթին պետք է մտածենք լավ ուսուցիչների դաստիարակության և կրթության մասին։ Ժամանակակից երեխաները կարողանում են ինքնուրույն տեղեկատվություն գտնել, ուստի կարևոր է կիրառել խնդրային ուսուցման մեթոդը․ երեխային պատրաստի պատասխան չտալ, այլ նրա հետ երկխոսության մեջ մտնել»,- նշել է Նինա Տատկալոն՝ այս մոտեցումը համեմատելով Պլատոնի և Սոկրատեսի մեթոդների հետ։
Իր հերթին ՌՀՀ ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի վարիչ Կարեն Հակոբյանը շեշտել է գիտական ավանդույթների շարունակականության կարևորությունը։ «Այս համաժողովը նվիրված է ականավոր լեզվաբան, բառարանագիր և մեթոդիստ Ստեփան Գրիգորի Բարխուդարովի հիշատակին՝ գիտնականի, որի գաղափարները մինչ օրս ազդեցություն ունեն ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության զարգացման վրա։ Խորհրդանշական է, որ հենց այսօր մենք կրկին անդրադառնում ենք լեզվի և մտածողության փոխհարաբերության, քերականության դերի, ինչպես նաև ռուսաց լեզվի՝ որպես մայրենի և որպես օտար լեզվի ուսուցման խնդիրներին»,- ասել է նա։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը ուշադրություն է դարձրել հատկապես մայրաքաղաքից դուրս մանկավարժների աշխատանքի կարևորության վրա։ «Մենք ցանկանում ենք, որ ռուսաց լեզուն պահպանվի հանրապետությունում։ Հասկանում ենք, որ դա դժվար է, հատկապես հեռավոր շրջաններում։ Այնուամենայնիվ շրջանավարտները մեկնում են և դասավանդում փոքր քաղաքներում»,- հավելել է նա։
Համաժողովին մասնակցում են 80 հետազոտողներ Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Իրանից։ Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Ռուսագիտության կենտրոնը և ռուսաց լեզվի ու մասնագիտական հաղորդակցության ամբիոնը։







