- 26 Նոյ
- 2026
Հավասար իրավունքներից դեպի իրական հնարավորություններ․ ՌՀՀ-ում քննարկել են ներառական հասարակության ձևավորման ուղիները
Համաժողովը բացել է «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարի Իզմիրլյան մասնաճյուղի սան Նարեկ Արարատյանը՝ ընթերցելով իր հեղինակած «Կյանքի ճանապարհը» բանաստեղծությունը։
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ․ խնդիրներն ու լուծումները ներառական հասարակության ձևավորման ճանապարհին» խորագրով համաժողովը, որը մեկտեղել է կրթական և պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան հանրության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 26-ին։
Համաժողովը բացել է «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարի Իզմիրլյան մասնաճյուղի սան Նարեկ Արարատյանը՝ ընթերցելով իր հեղինակած «Կյանքի ճանապարհը» բանաստեղծությունը։ Ստեղծագործության մեջ հնչել են սիրո, կամքի ուժի և երազանքին հասնելու ձգտման թեմաները՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է հաղթահարել դժվարությունները և պետք է հնարավորություն ունենա հասնելու իր նպատակներին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌՀՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը։ Նա ընդգծել է, որ համալսարանները չեն սահմանափակվում գիտելիքի փոխանցմամբ և մասնագետների պատրաստմամբ․ դրանք նաև ձևավորում են մասնագիտական կարողություններ, արժեքներ և փոխգործակցության մշակույթ։ Հենց կրթական միջավայրում են ձևավորվում ապագա մասնագետների վերաբերմունքը ներառականության, հավասար հնարավորությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով այս թեմաները պետք է իրենց արտացոլումը գտնեն կրթական գործընթացում, գիտական աշխատանքում և մասնագիտական պատրաստության շրջանակում։
Համաժողովի օրակարգն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ՝ հավասար հնարավորությունների ապահովման պետական մեխանիզմներից և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունից մինչև ներառական կրթություն, հաշմանդամության թեմայի լուսաբանումը լրատվամիջոցներում և հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրումը։
Հանրային քաղաքականության, ռազմավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտների մասնագետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է «Հավասար իրավունքներից հավասար հնարավորություններ» թեմայով զեկուցում։ Նա անդրադարձել է իրավունքների ձևական ամրագրումից դրանց իրական իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն անցնելու խնդրին։
«Երևանի երեխաների խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանն իր ելույթը նվիրել է զարգացման առանձնահատկություններ ունեցող և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Նա ընդգծել է յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման, նրա կարիքներին համապատասխան բժշկական օգնության, վերականգնողական ծառայությունների և կրթության հասանելիության ապահովման, ինչպես նաև երեխային իրեն վերաբերող որոշումների կայացմանը մասնակից դարձնելու կարևորությունը։
ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ, մեդիա փորձագետ Մարինա Ալեքյանն «Կարեկցանքից մինչև հավասարություն․ մեդիայի դերը ներառական հասարակության ձևավորման գործում» զեկուցման շրջանակում անդրադարձել է հաշմանդամության հանրային ընկալման վրա լրագրության ազդեցությանը։ Փորձագետի խոսքով՝ հաշմանդամության թեմայով մեդիա նյութերի զգալի մասը շարունակում է ներկայացվել բժշկական մոդելի շրջանակում, երբ հաշմանդամություն ունեցող անձը հաճախ պատկերվում է սահմանափակումների, կարիքավորության և արտաքին օգնության անհրաժեշտության տեսանկյունից։ Նման մոտեցումը նպաստում է խնամակալական վերաբերմունքի ձևավորմանն ու կարծրատիպերի ամրապնդմանը։
Ալեքյանն ընդգծել է խղճահարության վրա հիմնված մոտեցումից հրաժարվելու և հաշմանդամություն ունեցող անձանց որպես հասարակական կյանքի լիիրավ մասնակիցների ներկայացնելու անհրաժեշտությունը։
ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական, քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Մարթա Մելիքսեթյանը հանդես է եկել «Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի սահմանափակումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության տեսակ» զեկուցմամբ։ Հիմնվելով իր մասնագիտական փորձի վրա՝ նա ներկայացրել է իրավիճակներ, երբ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, ֆինանսական միջոցներից օգտվելու և ազատ տեղաշարժվելու հնարավորությունների սահմանափակումը դառնում է նրանց իրավունքների խախտման ձևերից մեկը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հավասար հնարավորությունների ապահովման գործում ընտանիքի և հասարակության դերին, ինչպես նաև նման խոչընդոտները ժամանակին բացահայտելու և վերացնելու անհրաժեշտությանը։
«Sputnik Արմենիա»-ի լրագրող, թղթակից Աստղիկ Սուքիասյանն անդրադարձել է հաշմանդամության ոլորտում առկա խնդիրների և հոգեկան առողջության թեմայի գրագետ լուսաբանմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը վերաբերող արդիական հետազոտություններ։
ՌՀՀ մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար, կառավարման և բիզնեսի ամբիոնի դասախոս Քրիստինե Գինոսյանը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրման հարցերը՝ աշխատաշուկայում առկա խոչընդոտներից մինչև մարդկային ռեսուրսների կառավարման ներառական քաղաքականության ձևավորում։
Իր հերթին՝ «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը, որը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ, ներկայացրել է «Շահերի պաշտպանություն և կոնվենցիա» թեմայով զեկուցում։
Համաժողովի մոդերատորն էր ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Եվրասիա» միջազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ռուս-Հայկական համալսարանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ միասնական սոցիալական ծառայության, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։







