- 05 Նոյ
- 2026
ՌՀՀ-ն իր մշակումները և ձեռքբերումները ներկայացրել է Expo Silicon Mountains ցուցահանդեսում
Ցուցադրությունը ներկայացրել է համալսարանի գիտատեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև գիտական հետազոտությունների և նորարարական լուծումների գործնական կիրառման հնարավորությունները։
Ռուս-Հայկական համալսարանի թիմը մասնակցել է Հայաստանի տեխնոլոգիական կարևոր հարթակներից մեկին՝ Expo Silicon Mountains ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Երևանի Dvin Music Hall-ում նոյեմբերի 3–4։
Միջոցառման շրջանակում ՌՀՀ-ն ներկայացրել է Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի կիրառական մշակումներն ու ձեռքբերումները։ Ցուցադրությունը ներկայացրել է համալսարանի գիտատեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև գիտական հետազոտությունների և նորարարական լուծումների գործնական կիրառման հնարավորությունները։
Այցելուների առանձնահատուկ ուշադրությանն է արժանացել Digital Transformation Management նախագիծը, որն իրականացվում է Ռուս-Հայկական համալսարանի հենքի վրա։ Նախաձեռնությունն ուղղված է թվային վերափոխման կառավարման ոլորտում ժամանակակից կարողությունների զարգացմանը և թվային տնտեսության մարտահրավերներին դիմակայելու ունակ մասնագետների պատրաստմանը։
Համալսարանի մասնակցությունը ցուցահանդեսին մեկնաբանելով՝ ՌՀՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Ռամելա Սիմոնյանը նշել է. «Expo Silicon Mountains-ին մասնակցությունը կարևոր հնարավորություն է Ռուս-Հայկական համալսարանի համար՝ ներկայացնելու գիտական և կրթական գործունեության արդյունքները, ցույց տալու, թե ինչպես կարող են համալսարանական մշակումները գործնական կիրառություն գտնել և արձագանքել հասարակության ու բիզնեսի արդիական պահանջներին։ Այսօր հատկապես կարևոր է արդյունավետ երկխոսություն ձևավորել գիտության, կրթության և տեխնոլոգիական ոլորտի միջև»։
Նշենք, որ Silicon Mountains 2026-ը երկօրյա լայնածավալ տեխնոլոգիական ֆորում է (գագաթնաժողով և ցուցահանդես), որն անցկացվել է Երևանում նոյեմբերի 3–4-ը՝ «Invest in Innovation» («Ներդրումներ նորարարության մեջ») խորագրի ներքո։







