- 13 Նոյ
- 2026
Ֆինանսական փորձագետ Գագիկ Գրիգորյանը անցկացրեց վարպետության դաս՝ «Փողն ու հույզերը․ անձնական ֆինանսների հոգեբանությունը» թեմայով
Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է մարդու ֆինանսական վարքագծի վրա ազդող տարբեր հոգեբանական երևույթներ:
Միլիարդավոր դոլարների գործարքների հեղինակ, ֆինանսական փորձագետ, լեռնային ուղեկցորդ և դահուկորդ Գագիկ Գրիգորյանը նոյեմբերի 12-ին ՌՀՀ ուսանողներին պատմել է անձնական ֆինանսների հոգեբանության և այն մասին, թե ինչպես են հույզերն ազդում ֆինանսական որոշումների կայացման վրա։ Հանդիպումն անցկացվել է «Փողն ու հույզերը․ անձնական ֆինանսների հոգեբանությունը» խորագրով ինտերակտիվ վարպետության դասի ձևաչափով։
Վարպետության դասի ընթացքում Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է մարդու ֆինանսական վարքագծի վրա ազդող տարբեր հոգեբանական երևույթներ, մասնավորապես՝ խարսխման և կորստի էֆեկտները։ Նա բացատրել է, թե ինչու են մարդիկ ապրանքների և ծառայությունների արժեքը գնահատելիս հաճախ առաջնորդվում առաջին ստացած տեղեկությամբ, ինչպես նաև ինչու է գումար կորցնելու վախը հաճախ ավելի ուժեղ լինում, քան համարժեք շահույթ ստանալու ցանկությունը։
Ուսանողները ծանոթացել են իրենց «դրամական բնավորությանը» և մասնակցել առաջին աշխատավարձի ստացման իրավիճակը մոդելավորող ինտերակտիվ խաղի։ Դրա միջոցով մասնակիցները հնարավորություն են ունեցել հասկանալու, թե ինչպես են մարդիկ բաշխում իրենց եկամուտները, սահմանում առաջնահերթությունները և ընտրություն կատարում ընթացիկ ցանկությունների ու երկարաժամկետ ֆինանսական նպատակների միջև։
Գագիկ Գրիգորյանի համոզմամբ՝ ֆինանսական կարևորագույն հմտությունը միայն թվերի և աղյուսակների հետ աշխատելու կարողությունը չէ, այլև սեփական մտածողությունն ու վարքագիծը հասկանալը։ Որոշումների վրա ազդող հոգեբանական մեխանիզմների գիտակցումն օգնում է ավելի գիտակցված վերաբերմունք ձևավորել փողի նկատմամբ և արդյունավետ կառավարել անձնական բյուջեն։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի նախաձեռնությամբ։







