research
  • 23 Նոյ
  • 2026

ՌՀՀ դասախոսները մասնակցել են հայագետների 13-րդ միջազգային գիտաժողովին Փարիզում

    Գիտաժողովի ծրագիրն ընդգրկել է ժամանակակից հայագիտության տարբեր ուղղություններ՝ համեմատական-պատմական լեզվաբանությունից և բարբառագիտությունից մինչև սոցիոլեզվաբանություն և կորպուսային հետազոտություններ։

    Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գևորգյանը, դոցենտներ Նաիրա Իսկանդարյանը և Հասմիկ Խաչատրյանը մասնակցել են Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովին (ICAL13), որն անցկացվել է նոյեմբերի 18–20-ը Փարիզում։ Գիտաժողովը հյուրընկալել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (INALCO) և նվիրված էր ականավոր հայագետ լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին։

    Գիտաժողովը հայագիտության ոլորտի կարևոր միջազգային գիտական միջոցառումներից է և անցկացվում է չորս տարին մեկ՝ աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարի այն համախմբել է աշխարհի առաջատար գիտական և կրթական հաստատությունների հայագետներին ու հետազոտողներին։

    Գիտաժողովի ծրագիրն ընդգրկել է ժամանակակից հայագիտության տարբեր ուղղություններ՝ համեմատական-պատմական լեզվաբանությունից և բարբառագիտությունից մինչև սոցիոլեզվաբանություն և կորպուսային հետազոտություններ։ Գայանե Գևորգյանը հանդես է եկել «Աճառյանի դիտարկումները հայերենի բարբառների ժամանակային ձևերի վերաբերյալ» զեկուցմամբ։ Նաիրա Իսկանդարյանը ներկայացրել է «Հայերեն ուսումնասիրող ռուսախոս ուսանողների լեզվական ինքնության ձևավորումը սոցիոլեզվաբանական և թվային համատեքստում» թեմայով հետազոտությունը, իսկ Հասմիկ Խաչատրյանը՝ «Համշենի բարբառը Աճառյանի նկարագրության մեջ և դրա արդի վիճակը» զեկուցումը։
     
    Գիտաժողովը կարևոր հարթակ է դարձել հայագիտական հետազոտությունների արդյունքների ներկայացման, գիտական փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման համար։