- 11 Նոյ
- 2026
Երևանում՝ ՌՀՀ հարթակում, ներկայացվել է «Լոբբինգ․ ազդեցության արվեստը» գրքի հայերեն թարգմանությունը
Գիրքը նվիրված է որոշումների ընդունման վրա ազդեցության մեխանիզմներին, հասարակական և բիզնես նախաձեռնությունների առաջմղմանը:
Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի դասախոս, հասարակական գործիչ, իշխանության, բիզնեսի և հասարակության փոխգործակցության փորձագետ Մեցո Իգիթյանի «Լոբբինգ․ ազդեցության արվեստը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 11-ին։
Գիրքը նվիրված է որոշումների ընդունման վրա ազդեցության մեխանիզմներին, հասարակական և բիզնես նախաձեռնությունների առաջմղմանը, ինչպես նաև պետության, բիզնեսի և հասարակության միջև արդյունավետ համագործակցության ձևավորմանը։ Հեղինակի խոսքով՝ հայերեն թարգմանության հրատարակումը կարևոր քայլ է հայալեզու ընթերցողին լոբբինգի մասնագիտական գիտելիքներն ու օրինական մեխանիզմները հասանելի դարձնելու ուղղությամբ։
ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը ողջունել է գրքի հեղինակին և շնորհավորել հրատարակության առթիվ՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը համալսարանական համայնքի համար։ Նա նաև նշել է, որ լոբբինգի մշակույթի զարգացումը Հայաստանի համար արդիական է և պահանջում է մասնագիտական գիտելիքներ, հետևողական աշխատանք ու համապատասխան ինստիտուտների կայացում։
Ներկայացնելով գիրքը՝ Մեցո Իգիթյանն անդրադարձել է լոբբինգի և կոռուպցիայի տարբերություններին՝ ընդգծելով, որ լոբբինգը մասնագիտական գործունեություն է, որը հիմնված է փորձագիտական մոտեցման, բաց երկխոսության և շահերի օրինական ներկայացման վրա։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնեսի, պետական կառույցների և հասարակության միջև հաղորդակցության դերին։
Գրքի հայերեն թարգմանության հրատարակության կարևորությունն ընդգծել է նաև «Բուկինիստ» գրախանութների ցանցի մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Անի Ավանեսովան՝ նշելով, որ մասնագիտական գրականության թարգմանությունը նպաստում է գիտելիքի տարածմանն ու ընթերցողների մասնագիտական զարգացմանը։







