- 19 Սեպ
- 2026
Երևանում կայացավ «30 Years of Iran and the Caucasus: A Proud Milestone» խորագրով միջազգային գիտաժողով
Հոբելյանական գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել 13 երկրների 60 առաջատար հետազոտողների՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Թուրքիայից, Ավստրալիայից և Ճապոնիայից։
«30 Years of Iran and the Caucasus: A Proud Milestone» խորագրով միջազգային գիտաժողովը սեպտեմբերի 19-ին մեկնարկեց Ռուս-Հայկական համալսարանում։ Լայնածավալ գիտաժողովը նվիրված է «Iran and the Caucasus» ակադեմիական ամսագրի 30-ամյակին, որը հրատարակվում է ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ՝ եվրոպական հեղինակավոր Brill ակադեմիական հրատարակչությունում։
Երեք տասնամյակների ընթացքում ամսագիրը դարձել է իրանա-կովկասյան տարածաշրջանի՝ որպես պատմական շփումների, մշակութային փոխազդեցությունների և երկարատև քաղաքակրթական շարունակականության բարդ տարածքի ուսումնասիրության կարևորագույն միջազգային գիտական հարթակներից մեկը։
Հոբելյանական գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել 13 երկրների 60 առաջատար հետազոտողների՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Թուրքիայից, Ավստրալիայից և Ճապոնիայից։
Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են 16 մասնագիտացված բաժիններում, ինչը վկայում է հրատարակությանը բնորոշ միջգիտակարգային մոտեցման մասին։ Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ամսագրի գլխավոր խմբագիր Գառնիկ Ասատրյանը և De Gruyter Brill հրատարակչության ներկայացուցիչ, դոկտոր Ա. Ուեսլաթը։
Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի «Three Decades at the Crossroads: The Journey of Iran and the Caucasus» խորագրով հիմնական զեկույցը նվիրված էր ամսագրի 30-ամյա գիտական ուղուն։ Գիտաժողովի մյուս առանցքային ելույթների թվում էին Սալոմե Գոլամիի՝ զրադաշտական բանավոր երգերի և Հերման Կրոյցմանի՝ Կենտրոնական Ասիայի առևտրային ուղիների վերաբերյալ դասախոսությունները։
Գիտաժողովի օրերին De Gruyter Brill հրատարակչությունը կազմակերպել է գիտական պարբերականների և մենագրությունների լայնածավալ ցուցահանդես։ Գիտաժողովի ավարտից հետո ամբողջ ցուցադրությունը կնվիրաբերվի Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտին։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Կրթության կոմիտեի նախագծի շրջանակներում՝ De Gruyter Brill Publishers հրատարակչության աջակցությամբ։







