- 02 Ապր
- 2026
ՌՀՀ ուսանողուհու ֆիլմը հաղթել է «Անհայտ Ռուսաստան» միջազգային փառատոնի «Էթնոմշակույթ» անվանակարգում
«Կյանքը շարունակվում է» կինոնկարը բացահայտում է կյանքի և մահվան համակեցության պարադոքսը:
«Անհայտ Ռուսաստան» III միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում «էթնոմշակույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուս-հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտության ուսանողուհու Մերի Վարդանյանի ֆիլմը (Աշոտ Գևորգյանի արվեստանոց)։
Մերիի խոսքով՝ «Կյանքը շարունակվում է» կինոնկարը բացահայտում է կյանքի և մահվան փոխկապակցվածության պարադոքսը՝ հաստատելով կյանքի հաղթանակը, քանի որ այն միշտ շարունակվում է։
«Իմ կուրսային աշխատանքը ինձ տարավ պրոֆեսիոնալ կինոյի աշխարհ, և նման մակարդակում այս մրցանակը ստանալը մեծ պատիվ է»,– ընդգծել է նա։
Նշենք, որ «Անհայտ Ռուսաստան» միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնը համարվում է Ռուսաստանում այս ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը։ Այն հարթակ է նոր պատմությունների և անունների բացահայտման համար՝ համադրելով դասական կինոյի ավանդույթները նորարարական ձևաչափերի հետ և նպաստելով վավերագրական ժանրի զարգացմանն ու հասանելիության բարձրացմանը։







