- 15 Հու
- 2026
Brepols հրատարակչությունում լույս է տեսել «Rethinking Armenia in the Middle Ages» կոլեկտիվ մենագրությունը
Ժողովածուի խմբագիրներն են ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն Երվանդ Մարգարյանը և Իռլանդիայի Քորքի համալսարանական քոլեջի դասախոս Լուսինե Մարգարյանը։
Բելգիական Brepols Publishers հրատարակչությունը՝ հումանիտար գիտությունների ոլորտում աշխարհի առաջատար ակադեմիական հրատարակչություններից մեկը, որը մասնագիտացած է միջնադարագիտության, պատմության, հնագիտության և պատմական աղբյուրների գիտական հրատարակությունների ոլորտներում, հրատարակել է «Rethinking Armenia in the Middle Ages: Exploring a Christian Frontier and its Neighbouring Peoples» կոլեկտիվ մենագրությունը (Borders, Boundaries, Landscapes մատենաշար, հ. 6)։
Ժողովածուի խմբագիրներն են Ռուս-հայկական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Երվանդ Մարգարյանը և Իռլանդիայի Քորքի համալսարանական քոլեջի դասախոս, Marie Skłodowska-Curie Christian Frontiers նախագծի մասնակից Լուսինե Մարգարյանը։
Գիրքը վերաիմաստավորում է Հայաստանի տեղն ու դերը միջնադարյան աշխարհում։ Հեղինակները Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես մեծ տերությունների պասիվ ծայրամաս, այլ որպես ինքնուրույն քաղաքակրթական տարածք՝ քրիստոնեական սահմանագիծ Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության, Պարսկաստանի և Մոնղոլական կայսրության խաչմերուկում։
Ժողովածուն միավորում է երեք փոխկապակցված թեմաների շուրջ իրականացված հետազոտություններ՝ հայկական ինքնագիտակցությունը կայսրությունների սահմանագծերում, Հայաստանի ընկալումը կայսերական կենտրոնների կողմից, ինչպես նաև հայկական փորձի և այլ սահմանային հասարակությունների պատմական ուղու համեմատական վերլուծությունը։
Մենագրության հեղինակների թվում են նաև Ռուս-հայկական համալսարանի աշխատակիցներ՝ դոցենտ Բենիամին Մայիլյանը և Անաստասիա Պալամարչուկը։
Հրատարակությունը նախատեսված է պատմաբանների, միջնադարագետների, մշակութաբանների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են միջնադարյան Հայաստանով և եվրասիական տարածքում միջքաղաքակրթական շփումների դինամիկայով։







