- 20 Հոկ
- 2022
«Springer»-ը հրատարակել է ՀՌՀ-ի գլխավոր գիտական խորհրդատու Է․ Ղազարյանի 80-ամյակին նվիրված հատորը
Հատորը րկայացնում է «Optics & its Applications 2022» 9-րդ միջազգային սիմպոզիումի աշխատությունները։
Հեղինակավոր «Springer» հրատարակչության կողմից հրատարակվել է «Springer Proceedings in Physics» գրքերի շարքի N281 հատորը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-Ռուսական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատու Էդուարդ Ղազարյանի ծննդյան 80-ամյակին։ Հատորը, որի խմբագիրներն են Դավիդ Բլաշկեն (Վրոցլավի համալսարան), Դմիտրի Ֆիրսովը (Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան), Արամ Պապոյանը (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) և Հայկ Սարգսյանը (Հայ-Ռուսական համալսարան), ներկայացնում է «Optics & its Applications 2022» 9-րդ միջազգային սիմպոզիումի աշխատությունները։
««Optics & its Applications 2022» սիմպոզիումի թեման ընտրված էր այնպես, որ աշխատանքների հիմնական մասը թեմատիկ առումով մոտ լինի այն հետազոտություններին, որոնք իրականացվել են ակադեմիկոս Ղազարյանի կողմից իր երկարամյա գիտական գործունեության ընթացքում»,- նշել է ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանի խոսքով՝ նմանատիպ գրքի հրատարակումը բավականին լուրջ գործընթաց է․ «Springer»-ը հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր գիտական հրատարակչություններից մեկը, որի գրքերն ինդեքսավորվում են Scopus-ի կողմից և բավականին հայտնի են։
Վերոնշյալ ժողովածուում ներառված են 15 հոդվածներ նանոկառուցվածքների օպտիկայի, ոչ գծային օպտիկայի, էլեկտրաօպտիկայի, մի քանի մասնիկներով կառուցվածքների մասին։ Բոլոր հոդվածներն անցել են կրկնակի գրախոսություն։
Հատուկ նշենք, որ ժողովածուում տեղ գտած գիտական հոդվածները սկզբնավորում է ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի գիտական գործունեությանը նվիրված հոդվածը։
«Optics & its Applications» սիմպոզիումն ավանդական և միջազգային նշանակության միջոցառում է։ Այսպես՝ «Optics & its Applications 2022» 9-րդ միջազգային սիմպոզիումի ընթացքում տեղի են ունեցել պլենար սեսիաներ, որոնց ընթացքում ելույթ են ունեցել անվանի գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Գերմանիայից, ինչպես նաև SPIE-ի (օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միություն) հրավիրյալ դասախոսների մասնակցությամբ հատուկ սեսիաները։ Գիտության հանրահռչակմանը նվիրված հատուկ սեսիա է անցկացրել Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Վառլամովը։
«Գիտական բաղադրիչի վրա հիմնված Հայ-Ռուսական համալսարանի կողմից ընտրված ուղղվածությունը՝ որպես առանցքային և հիմնարար, պետք է շարունակվի, քանի որ կրթական համակարգի զարգացման ներկայիս փուլում գիտությունը և կրթությունը փոխլրացնում են միմյանց և հանդիսանում են ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասեր»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Springer-ը բնական գիտությունների ակադեմիական ամսագրերի և գրքերի հրատարակման մեջ մասնագիտացած միջազգային հրատարակչական ընկերություն է (ներառում է 70 հրատարակչություն ամբողջ աշխարհում):