research
  • 09 Հոկ
  • 2026

ՌՀՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանը ելույթ է ունեցել Վանաձորում կայացած միջազգային գիտաժողովի լիագումար նիստում

    ​​​​​​​Գիտաժողովին մասնակցել են Հայաստանի և արտերկրի բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ և հրավիրյալ հյուրեր։

    Ռուս-Հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը կազմակերպիչների անձնական հրավերով մասնակցել է «Հոգեբանամանկավարժական գիտությունների զարգացման արդի հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը հոկտեմբերի 2-ին անցկացվել է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանում։

    Գիտաժողովին մասնակցել են Հայաստանի և արտերկրի բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ և հրավիրյալ հյուրեր։ Միջոցառումը դարձել է մասնագիտական երկխոսության, գիտահետազոտական փորձի փոխանակման և հոգեբանական ու մանկավարժական գիտությունների ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։

    Մասնակիցները քննարկել են գիտական այս ուղղությունների զարգացման արդի միտումները, առկա մարտահրավերներն ու հեռանկարները, ինչպես նաև կրթական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ժամանակակից մոտեցումներն ու հետազոտությունների արդյունքները։

    Ասյա Բերբերյանը լիագումար նիստում հանդես է եկել «Մասնագետի անձի զարգացումը բարձրագույն կրթության հումանիստական հարացույցի համատեքստում» զեկուցմամբ։ Նա անդրադարձել է մասնագետի անձի զարգացման հիմնախնդրին՝ ընդգծելով հումանիստական մոտեցման կարևորությունը, որի շրջանակում անձը դիտարկվում է որպես հասարակության բարձրագույն արժեք։

    Պրոֆեսորի ներկայացմամբ՝ հետազոտության նպատակն էր բացահայտել բուհերի դասախոսների հուզական ինտելեկտի, սուբյեկտիվ վերահսկողության, էքզիստենցիալ լիարժեքության և անձնակենտրոն փոխգործակցության հոգեբանական պատրաստվածության միջև առկա կապերը։ Էմպիրիկ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դասախոսների էքզիստենցիալ լիարժեքության և անձնակենտրոն փոխգործակցության հոգեբանական պատրաստվածության միջև առկա է փոխկապակցվածություն։

    Հաջող ելույթի և գիտաժողովի բաժանմունքներից մեկի աշխատանքները վարելու համար Ասյա Բերբերյանը պարգևատրվել է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանի շնորհակալագրով։