- 27 Նոյ
- 2026
ՌՀՀ-ի ուսանողուհի Աննա Կոստանյանը մասնակցել է «Անկեղծ հայացք—2026» միջազգային մեդիա մրցանակաբաշխությանը Մոսկվայում
Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների լրագրողներ և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։
Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Կոստանյանը մասնակցել է մեդիայի ոլորտում անցկացվող հինգերորդ միջազգային «Անկեղծ հայացք — 2026» մրցանակաբաշխությանը։ Մրցույթին նա ներկայացրել է իր լրագրողական աշխատանքը՝ «Հաղթանակի պատմություն․ արցունքներ, հպարտություն և սեր»:
ՌՀՀ-ի ուսանողուհու վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի հնագույն կինոթատրոններից մեկում, որը հրապարակվել է EduRAU մեդիահարթակում։
«Մրցանակաբաշխությանը մասնակցությունն ինձ համար նոր և արժեքավոր փորձ էր։ Միջազգային մեդիա մրցանակի հավակնորդների շարքում հայտնվելու և նման հարթակում աշխատանքս ներկայացնելու հնարավորությունն ինձ համար կարևոր մասնագիտական ձեռքբերում էր։ Այն մեծապես ոգեշնչում է շարունակել զարգանալ լրագրության ոլորտում, կատարելագործել հմտություններս և առաջ շարժվել մասնագիտական ճանապարհիս», — նշել է Աննան։
Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների լրագրողներ և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։ Մասնակիցների համար կազմակերպվել է հագեցած մշակութային և կրթական ծրագիր, որի շրջանակում նրանք ծանոթացել են Մոսկվայի պատմամշակութային տեսարժան վայրերին, փոխանակվել մասնագիտական փորձով և քննարկել ժամանակակից մեդիամիջավայրի առանձնահատկությունները։ Մինչև 25 տարեկան լրագրողների և «Նոր ձայն» անվանակարգի մասնակիցների համար անցկացվել է նաև առանձին մեդիադպրոց՝ փորձագետների դասախոսություններով և հանդիպումներով։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին։ Մրցանակակիրների թվում են եղել Բելառուսի, Մալայզիայի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և այլ երկրների ներկայացուցիչներ։
Նշենք, որ 2022 թվականին Ռոսսոտրուդնիչեստվոյի հիմնադրած «Անկեղծ հայացք» միջազգային մրցանակաբաշխության նպատակն է աջակցել արտասահմանյան լրագրողներին, ֆոտոլրագրողներին, հեղինակներին և մեդիա բովանդակություն ստեղծողներին։ Մրցույթը միավորում է միջազգային մեդիահանրությանը և խրախուսում այն աշխատանքները, որոնք անդրադառնում են միջազգային համագործակցությանը, հումանիտար նախաձեռնություններին, մշակութային կապերին և երկրների միջև փոխգործակցությանը։







