research
  • 01 Սեպ
  • 2023

ՀՌՀ-ում նշեցին Գիտելիքի օրը

    ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը շնորհավորեց ուսանողներին և ընդգծեց առաջին կուրսեցիների աննախադեպ թիվը։

    Սեպտեմբերի 1-ին Հայ-Ռուսական համալսարանում նշեցին նոր ուսումնական տարվա սկիզբը, որն էլ ավելի շատ գիտելիքներ, հմտություններ, փորձ և հնարավորություններ կտա, նոր ընկերներ և հիշողություններ կպարգևի։

    Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը շնորհավորեց ուսանողներին և ընդգծեց առաջին կուրսեցիների աննախադեպ թիվը։

    «Ուրախ եմ, որ շատ ենք, օր օրի  շատանում ենք։ Տարիներ առաջ, այս նիստերի դահլիճը կառուցելիս, չէինք էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ կարող է առաջին կուրսեցիները այստեղ չտեղավորվեն։ Սա մեր բոլորի հաջողությունն է։ Մենք բախտավոր ենք, որ ունենք ձեզ, իսկ դուք բախտավոր եք, որ ունեք մեզ: Եվ հիմա մենք տեսնում ենք ինչպես մեր համալսարանի, այնպես էլ դասախոսական կազմի, նաև մեր երկու երկրների հաջողությունը ։  Շնորհավորում եմ բոլորիդ: Դուք հաջողակ եք, քանի որ ընդունվել եք լավագույն համալսարան», - ասաց նա։

    Ռեկտորն ընդգծեց, որ մարդկության պատմության մեջ երբեք գիտելիքն այդքան կարևոր չի եղել, որքան հիմա։

    «Նախկինում մարդկությունը գործում էր ռեսուրսների կարևորության պայմաններում, գերիշխում էին այն ազգերն ու պետությունները, որոնք ավելի շատ զանազան ռեսուրսներ ունեին։ Այսօր մենք նոր հեղափոխության շրջանում ենք։ Ժամանակակից աշխարհում ռեսուրսները կարևոր են, բայց ոչ այնքան, որքան գիտելիքը այն դառնում է վճռորոշ: Կյանքի ամենաբարձր մակարդակն այնտեղ է, որտեղ ամեն ինչ որոշում է նորարարական տնտեսությունը՝ գիտելիքը և տեխնոլոգիաները: Հետևաբար, գիտելիքն է այն ներդրումը, որը դուք կատարում եք՝ երջանիկ և հարուստ ապրելու համար: Եվ ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է գիտելիքի և  ապագայի համար», - ասաց Էդվարդ Սանդոյանը։

    Շնորհավորեցին նաև "Ուսմունք" դպրոցի սաներին, իսկ ուսանողներին բաժանեցին ըստ ուղղությունների հանդիպելու ինստիտուտների ղեկավարների հետ, փաստաթղթեր ստանալու և ուսուցման գործընթացին ծանոթանալու համար: