- 04 Մայ
- 2023
ՀՌՀ թիմը հաղթել է Բիշքեկում կայացած «Եվրասիական բանավեճում»
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Հայ-Ռուսական համալսարանի թիմը հաղթանակ է տարել Գորչակովի հիմնադրամի աջակցությամբ Բիշքեկում (Ղրղզստան) կայացած «Եվրասիական բանավեճում», որին մասնակցել են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Նախագծի եզրափակիչ փուլը ԵԱՏՄ երկրների բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է ապրիլի 20-22-ը՝ «Եվրասիական ինտեգրացիոն գաղափարի առաջմղումը երիտասարդության շրջանում կրթական գործընթացների միջոցով» թեմայով։
«Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը նմանատիպ միջազգային հարթակներում, բայց կարևորը՝ մենք գրավեցինք առաջին տեղը։ Միջոցառումը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով։ Մենք հաղթահարել ենք երեք փուլեր, որոնցից ամեն մեկը ուղղված էր բացահայտելու ամենաուժեղ ուսանողներին։ Հուրախություն բոլորիս, մեր թիմը շատ լավ էր պատրաստվել և պատրաստ էր ցանկացած խնդրի լուծմանը», - նշել է ՀՌՀ թիմի ավագ Անդրեյ Մելքումյանը։
Հայ-Ռուսական համալսարանի թիմը Բիշքեկում ներկայացել է հետևյալ կազմով («Միջազգային հարաբերություններ» ուղղության 6 ուսանողներ)՝ Անդրեյ Մելքումյան, Էդուարդ Բաղդասարով, Արմինե Պետրոսյան, Դիանա Սինանյան, Մարիամ Տոնականյան և Ալինա Խալաթյան։ Վերջինս հանդես է եկել նաև որպես փորձագետ։
ՀՌՀ թիմի ավագի հետ լիովին համամիտ էր նաև իր համակուրսեցի Էդուարդ Բաղդասարովը, որն ասել է հետևյալը․ «Բիշքեկը շատ լավ տպավորություններ է թողել։ Բանավեճերի ընթացքում մենք ոչ միայն նոր ծանոթություններ ենք ձեռք բերել, այլև համոզվեցինք, որ երիտասարդ սերունդն է ԵԱՏՄ հետագա զարգացման գլխավոր հենասյունը»։
Նշենք, որ եվրասիական ինտեգրմանը նվիրված «Եվրասիական բանավեճ»-ը, ուղղված էր ԵԱՏՄ-ի ճանաչելիության բարձրացմանը երիտասարդության շրջանում, մասնակիցների շրջանում ԵԱՏՄ-ի մասին արդիական տեղեկատվությունը հասցնելուն և երիտասարդ մասնագետների հրապարակային խոսքի հմտությունների բարելավմանը։
«Մենք այնտեղ հանդիպել ենք նաև Ղրղզստանի հայկական համայնքի ղեկավար Սամսոն Բալյանի հետ։ Մեզ պատվով դիմավորեցին և հրավիրեցին ճաշի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ընդունելությունը կազմակերպվել էր բարձր մակարդակով, անկեղծ և ջերմ մթնոլորտում, - հավելել է ՀՌՀ Ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Տոնականյանը։
Հիշեցնենք, որ Գորչակովի հիմնադրամի աջակցությամբ Բիշքեկում կայացած «Եվրասիական բանավեճ»-ը կազմակերպել էին «Եվրազիալիկ մուն» (եվրասիական սերունդ) հասարակական հիմնադրամը և Ժ․Բալասագինի անվան Ղրղզստանի ազգային համալսարանը։