research
  • 15 Հոկ
  • 2021

ՀՌՀ-ում մեկնարկել է «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական նստաշրջանը

    Միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ։

    Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանն այսօր մեկնարկել է «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական նստաշրջանը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։
     
    «Ես ակնկալում եմ բաց ակադեմիական բանավեճ: Հետևաբար ի սկզբանե հորդորում եմ բոլորիդ ակտիվ լինել, հարցեր տալ: Մեր բարձրակարգ ակադեմիական որակավորում ունեցող խոսնակները պատրաստ են պատասխանել ձեր հարցերին: Մենք հնարավորություն կունենանք կարծիքների ազատ փոխանակում իրականացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:

    Նա նաև ներկայացրել է 2019թ. նոյեմբերին Հայ-Ռուսական համալսարանում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտի հետ համատեղ անցկացված «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական համաժողովի (առաջին անգամ ՌԴ սահմաններից դուրս) նյութերի հիման վրա տպագրված «Հայաստանը գլոբալ համատեքստում» հավաքածուն:

    Իր հերթին` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել է, որ իր համար շատ հաճելի է ներկա գտնվել նման կարևորագույն միջոցառմանը: «Այս միջոցառման թեման, անկասկած շատ կարևոր ու արդիական է և ներկայացման կարիք ունի: Համոզված եմ, որ նման պրակտիկան կշարունակի զարգանալ: Նստաշրջանի մասնակիցներին մաղթում եմ ոչ ստանդարտ գաղափարներ, ազատ բանավեճեր և այնպիսի գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել մեր համագործակցությանը, մեր պրակտիկ փոխհարաբերություններին ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերելու համար»,- ասել է նա`ընդգծելով Հայ-Ռուսական համալսարանի արտոնյալ վերաբերմունքը հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ և խիստ կարևորելով նման միջոցառումների անցկացումը:
     
    Միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ։