research
  • 11 Սեպ
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանի գործունեությունը Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

    Հայ-Ռուսական համալսարանի գործունեության են անդրադարձել նախօրեին կայացված հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

    Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Նախարարի խոսքով՝ համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն են:

    Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

    Անդրադառնալով Հայ-Ռուսական համալսարանի գործունեությանը՝ կողմերը կարևորել են կրթական ծրագրերի արդիականացումը և զարգացումը:

    Կողմերը քննարկել են նաև սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի անցկացման հետ կապված մի շարք հարցեր: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ քննարկվել են Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման մանրամասներ:

    ՌԴ դեսպանը կարևորել է նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը:

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

    Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: