- 13 Հու
- 2026
ՌՀՀ-ն և ՍՊՊՀ-ն համատեղ անցկացրել են կլոր սեղան հետխորհրդային տարածքում ձևափոխվող ինքնությունների թեմայով
ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը և ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանը զեկույցներով հանդես եկան միջազգային կլոր սեղանին Սանկտ Պետերբուրգում:
Ռուս-Հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը և ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանը զեկույցներով հանդես եկան «Հետխորհրդային տարածքում ձևափոխվող ինքնությունները՝ ինքնության քաղաքականության և սոցիալական ճարտարապետության հայեցակարգերի համատեքստում» միջազգային կլոր սեղանին, որը տեղի ունեցավ հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում։
Ռուս-Հայկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի հետ մեկտեղ միջազգային կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի առաջատար համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ՝ Ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» (Սանկտ Պետերբուրգ), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչները։ Միջոցառման հյուրերն ու բանախոսները կենտրոնացան երեք հիմնական ուղղությունների քննարկման վրա՝ Ռուսաստանում և Հարավային Կովկասում ինքնության քաղաքականության էվոլյուցիան, ազգային ինքնության ձևավորման գործընթացում կոգնիտիվ անվտանգության ապահովումը, ինչպես նաև հիշողության վայրերի դերը մշակութային քաղաքականության և դիվանագիտության ռազմավարություններում։
ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը նշեց նման միջազգային գիտական միջոցառումների կարևորությունը հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացների ընկալման և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության ակադեմիական համայնքների միջև կապերի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։ Նա ներկայացրեց «Հարավային Կովկասի պետություններում ինքնության քաղաքականության էվոլյուցիան. գործոններ և միտումներ» զեկույցը։
Իր հերթին ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանն իր ելույթի թեման նվիրեց հիշողության քաղաքականությանը՝ որպես Հարավային Կովկասի պետություններում սոցիալական ճարտարապետության տրանսֆորմացիայի ցուցիչի։ Փորձագետը ներկայացրեց 2021-2025 թվականներին հրատարակված Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պատմության դասագրքերի վերլուծության արդյունքները և ներկայացրեց Հարավային Կովկասում հիշողության քաղաքականության զարգացման հիմնական միտումները՝ գլոբալ և տարածաշրջանային փոփոխությունների ազդեցության ներքո։
ՌՀՀ ներկայացուցիչների զեկույցները պատրաստվել էին «Տրանսֆորմացվող ինքնությունները որպես քաղաքագիտական հետազոտության խնդիր (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)» գիտական նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Ռուս-Հայկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի Հումանիտար ինստիտուտի Մեդիահաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի բարձրագույն դպրոցի կողմից։







