- 01 Հու
- 2026
Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Իրավաբանական լեզվաբանություն» մագիստրոսական ծրագրում
Նմանատիպ ուղղվածությամբ միակ մագիստրոսական ծրագիրը Հայաստանում։
«Իրավաբանական լեզվաբանություն» ծրագիրը նմանատիպ ուղղվածությամբ միակ մագիստրոսական ծրագիրն է Հայաստանում։ Այն իրականացվում է «Մեսրոպյան» դատալեզվաբանական փորձաքննության կենտրոնի և Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով պատրաստել մասնագետներ լեզվի, իրավունքի և ժամանակակից վերլուծական մեթոդների համադրման ոլորտում։
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են՝
• դատական լեզվաբանության և լեզվաքրեագիտական փորձաքննության հիմունքները,
• տեքստի հեղինակի նույնականացման մեթոդները,
• խոսքային ազդեցության և մանիպուլյատիվ հաղորդակցության վերլուծությունը,
• քրեագիտության և ձեռագրագիտական փորձաքննության հիմունքները,
• վարքագծային վերլուծությունը /պրոֆայլինգը/,
• կոնֆլիկտային և ծայրահեղական բնույթի հաղորդակցության վերլուծությունը,
• դատական փորձաքննության գործնական հիմնահարցերը։
Ծրագիրը միտված է լեզվաբանության ոլորտում դատական փորձագետների պատրաստմանը, որոնք կունենան խորքային գիտելիքներ լեզվաքրեագիտական փորձաքննության բնագավառում։ Ուսումնառողները կսովորեն բացահայտել անանուն տեքստերի հեղինակներին, վերլուծել խոսքային ազդեցությունն ու մանիպուլյացիաները, հայտնաբերել դատավարական գործընթացներում կիրառվող գործադրվող հոգեբանական ճնշման նշանները, ինչպես նաև ուսումնասիրել կոնֆլիկտածին հաղորդակցությունը։
Լեզվաբան-փորձագետի մասնագիտական գործունեությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ զրպարտության և վիրավորանքի, պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության գործեր, ինչպես նաև ծայրահեղականության, բռնության կոչերի, ինքնասպանության դրդման, շանտաժի և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննություն։
Լեզվաքրեագետը իրականացնում է նույնականացման և ախտորոշիչ հետազոտություններ՝ կասկածյալների շրջանակը նեղացնելու, հանցագործին բացահայտելու, խոսքում առկա կոնֆլիկտածին տարրերը վերլուծելու և փորձագիտական այլ խնդիրներ լուծելու նպատակով։
Ծրագիրն ունի ընդգծված գործնական ուղղվածություն․ ուսանողները կաշխատեն իրական դեպքերի (case study) հետ, կյուրացնեն լեզվաբանական վերլուծության ժամանակակից մեթոդներ և ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ, որոնք արդեն իսկ պահանջված են փորձագիտական ոլորտում։ Ապագա լեզվաբան-փորձագետները նաև պրակտիկա կանցնեն Հայաստանում առաջին և միակ անկախ դատալեզվաբանական փորձաքննության կենտրոնում՝ «Մեսրոպյան» լեզվաբանական կենտրոնում։
Ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով։ Ընդունելության քննություններին կարող են մասնակցել բարձրագույն հումանիտար կրթություն ունեցող անձինք (բակալավր, մագիստրոս կամ դիպլոմավորված մասնագետ)։
Ծրագրի ղեկավար՝ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալո
Ուսման տևողությունը՝ 2 տարի։
Վարձավճար՝ 700,000 դրամ։
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ մայիսի 11-ից հունիսի 29-ը։
Ծրագրի շրջանավարտները կստանան․
• Ռուս-հայկական համալսարանի՝ Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ,
• Ռուս-հայկական համալսարանի՝ Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմ,
• Հարավային դաշնային համալսարանի դիպլոմ,
• լրացուցիչ որակավորում հոգեբանության, տեղեկատվական անվտանգության, իրավագիտության կամ կոնֆլիկտաբանության ոլորտներում։
«Իրավաբանական լեզվաբանություն» ծրագիրը պատրաստում է նոր սերնդի մասնագետներ, որոնք կարող են կիրառել լեզվաբանական վերլուծության ժամանակակից մեթոդները իրավական և փորձագիտական գործունեության տարբեր ոլորտներում։







