- 26 Նոյ
- 2026
ՌՀՀ ներկայացուցիչները «ԱՊՀ մանկավարժների լիգա 2026» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում են
Մրցույթը միավորել է ավելի քան 500 մասնակցի՝ 12 երկրից՝ վկայելով միջազգային կրթական համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։
Ռուս-Հայկական համալսարանի Լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը, դասախոսներ Սեդա Այվազյանը, Անահիտ Սահակյանը, Սվետլանա Սիմոնյանը, Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի հիմնախնդիրների ամբիոնի ասպիրանտ և ասիստենտ Մանե Վիրաբյանը, ինչպես նաև բանասիրական ուղղության ուսանողներ Հովհաննա Գևորգյանն ու Միլենա Ակոպովան անցել են «ԱՊՀ մանկավարժների լիգա» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։
Մրցույթը միավորել է ավելի քան 500 մասնակցի՝ 12 երկրից՝ վկայելով միջազգային կրթական համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Մրցութային ընտրության արդյունքներով եզրափակիչ փուլ են անցել ռուսաց լեզվի և հանրակրթական առարկաների 100 մանկավարժներ, որոնց թվում՝ Ռուս-Հայկական համալսարանի 7 ներկայացուցիչ։
Մրցույթի եզրափակիչ միջոցառումներն անցկացվել են Մոսկվայում՝ Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում։ Մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 9-ից 16-ը, Մանե Վիրաբյանը, Հովհաննա Գևորգյանը և Միլենա Ակոպովան ոչ միայն ներկայացրել են ՌՀՀ-ն մրցույթի եզրափակիչ փուլում, այլև մասնակցել են Միջազգային կրթական ֆորումի ծրագրին։
Կրթական ծրագրի շրջանակում մասնակիցներն անցել են որակավորման բարձրացման երկու դասընթաց՝ «Համոզիչ հաղորդակցության պրակտիկան» և «Մասնագետ 2036․ կրթված էկոհամակարգը՝ որպես մանկավարժության ռազմավարության և կադրերի պահպանման հիմք»։
Ծրագիրը դարձել է մասնագիտական հաղորդակցության, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման, ժամանակակից կրթական մոտեցումներին ծանոթանալու և միջազգային համագործակցության զարգացման հարթակ։







