- 04 Նոյ
- 2026
Ռուս-Հայկական համալսարանը և Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հուշագրի նպատակն է Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացումը, ակադեմիական և մասնագիտական հանրույթների միջև համագործակցության ամրապնդումը, իրավաբանական կրթության կատարելագործումը և այլն:
Ռուս-Հայկական համալսարանը և Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատը նոյեմբերի 4-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացումը, ակադեմիական և մասնագիտական հանրույթների միջև համագործակցության ամրապնդումը, իրավաբանական կրթության կատարելագործումը, ինչպես նաև ապագա իրավաբանների գործնական պատրաստվածության հնարավորությունների ընդլայնումը։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը և Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրճյանը։
Հուշագիրը նախատեսում է ՌՀՀ ուսանողների ներգրավումը գործնական ուղղվածություն ունեցող գործունեության մեջ, ուսումնական պրակտիկայի կազմակերպումը, ինչպես նաև Հաշտարարների պալատի մասնագետների մասնակցությունը կրթական ծրագրերի մշակմանը և համատեղ դասախոսությունների, վարպետության դասերի ու կլոր սեղանների անցկացմանը։
Համագործակցության առանցքային ուղղությունների թվում են մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական հարթակների և իրավաբանական կլինիկաների զարգացումը։
Հուշագրի իրականացումը կնպաստի իրավաբանական գիտության, կրթության և պրակտիկայի ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետագա զարգացմանը։







