
- 23 Նոյ
- 2023
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայ-ռուսական համալսարանը ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր
Հուշագրի նպատակն է միավորել կողմերի ջանքերը գիտակրթական ոլորտում։
Համագործակցության հուշագիրը ստորագրել է ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։ Հուշագրի նպատակն է միավորել կողմերի ջանքերը գիտակրթական ոլորտում։
«Այժմ մենք ուշադրության ներքո ենք պահելու ՀՌՀ-ին կից գործող "Ուսմունք" դպրոցի կարիքները: Ամենակարևոր հարցը վերաբերում է ապագա լաբորատորիայի ժամանակակից սարքավորումներին», - նշեց Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով, «Իմ քայլը» հիմնադրամն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է Հայաստանի մարզերի ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրապետության բուհերի լաբորատորիաների վերազինման ուղղությամբ։
«Իմ քայլը» հիմնադրամի և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությունը ևս մեկ ապացույց է, որ մենք միասին երկար ճանապարհ ունենք անցնելու», - նշեց Հայրապետյանը։
Իր հերթին Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն ընդգծեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու հնարավորության ծայրահեղ կարևորությունը։

Նա ընդգծեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնություններից է լինելու նաև քվանտային ծրագրին աջակցելը։
«Ունենք ուսանողներ և շրջանավարտներ, ովքեր ընդգրկված են այս ծրագրում։ Ես կարծում եմ, որ հենց այս հարթության մեջ է ընկած մեր պետության զարգացման ուղիներից մեկը», - ընդգծեց ռեկտորը։
Հայ-ռուսական համալսարանի և «Իմ քայլը» հիմնադրամի համագործակցությունը ենթադրում է համատեղ ծրագրեր և գործունեություն բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև ժամանակակից միջազգային փորձի և գիտելիքների օգտագործմամբ ծրագրերի մշակում և իրականացում, այդ թվում՝ նոր լաբորատորիայի բացումը «Ուսմունք» դպրոցում։