research
  • 16 Փետ
  • 2022

ՀՌՀ ուսանողը հաղթել է մասնավոր իրավունքի գծով միջազգային օլիմպիադայում

    Օլիմպիադան կազմակերպել էր Փաստաբանների միջազգային լիգան, որին մասնակցել է ավելի քան 700 ուսանող 60 բուհերից:

    Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության երրորդ կուրսի ուսանող Հրաչյա Սահակյանը մասնավոր իրավունքի գծով միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է առաջին տեղը: 

    «Մրցույթի մասնակիցներին տրված էր գործի ֆաբուլան (պատմությունը, նկարագրությունը) և տվյալ գործի ֆաբուլային, ցիվիլիստիկային վերաբերող մի քանի հարցեր: Անհրաժեշտ էր լուծել ինչքան հնարավոր է շատ առաջադրանքներ և չկենտրոնանալ միայն մեկի վրա: Մասնավորապես` անդրադարձ էր կատարվել վնասի փոխհատուցման հարցերին, որոնք ինձ շատ հետաքրքիր են»,- նշել է Հրաչյա Սահակյանը` հավելելով, որ մրցույթում հաղթելու գործում իրեն շատ օգնել են ՀՌՀ-ում ստացած գիտելիքները, և նա շատ շնորհակալ է բոլոր դասախոսներին ու ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանին:  

    Վերոնշյալ առցանց օլիմպիադան փետրվարի 2-ին կազմակերպել էր Փաստաբանների միջազգային լիգան, որին մասնակցել է ավելի քան 700 ուսանող 60 բուհերից: Մրցութային առաջադրանքն իր մեջ ներառել է ինչպես տեսական մաս բաց հարցի տեքսով, այնպես էլ գործնական` խնդիր-առաջադրանքի տեսքով: 

    Նշենք, որ մասնավոր իրավունքի գծով միջազգային օլիմպիադայի արդյունքներով Հրաչյա Սահակյանը ստացել է հաղթողի դիպլոմը: