research
  • 29 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում պարգևատրեցին Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողներին

    Պարգևատրվել են առաջինից տասներորդ տեղերը զբաղեցրած թիմերը։

    Վլադիմիր Եղիազարյանի անվան բաց համահայկական ծրագրավորման մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 29-ին Հայ-Ռուսական համալսարանում։

    Այս տարի մրցույթին մասնակցել է 43 թիմ։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով․ առաջին փուլում մասնակիցները լուծել են ալգորիթմական խնդիրներ՝ առանց ինտերնետի հասանելիության, իսկ երկրորդում՝ ոչ ստանդարտ խնդիրներ՝ համացանցի օգտագործմամբ։ Խնդիրների լուծման համար հասանելի էին C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby և PHP ծրագրավորման լեզուները։ Վերջնական արդյունքը որոշվել է երկու փուլերում լուծված խնդիրների ընդհանուր քանակով։

    Հաղթող է ճանաչվել «10/9 DP(++1) + 4/27 TELEVIZR» թիմը՝ Ալեքս Գրիգորյանի և Գրիգոր Թոխյանի կազմով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «dir hail oksi avdalyan» թիմը (Ռազմիկ Պարզյան և Համլետ Պետրոսյան)։ Երրորդ տեղում է հայտնվել «EasilyTilted» թիմը՝ Լևոն Մուրադյանի և Արամ Դրամբյանի մասնակցությամբ։

    Արարողության ընթացքում հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվել են OMD ընկերության դրամական պարգևներ, ինչպես նաև ՌՀՀ-ի դիպլոմներ և հուշանվերներ։ Պարգևատրվել են առաջինից տասներորդ տեղերը զբաղեցրած թիմերը։

    Նշենք, որ մրցույթի կազմակերպիչներն էին ՌՀՀ-ն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և OneMarketData ընկերությունը։