- 05 Հու
- 2023
ՀՀ-ում Իրան դեսպանի հրաժեշտի հանդիպումը ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի ուսանողների հետ
Դեսպանը հանդես է եկել Իրանի հոգևոր առաջնորդի մասին զեկույցով, որում ներկայացրել է ԻԻՀ կայացման գործում Այաթոլա Խոմեյնիի դերի կարևորությունը:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Խոմեյնիի (1902-1989) հիշտակի օրվա կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը, հունիսի 5-ին այցելել է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտ։
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, ողջունելով ԻԻՀ դեսպանատան պատվիրակությանը, նշել է Իրանի հոգևոր առաջնորդի գաղափարախոսության առավել նշանակալի պահերը, որոնք թույլ են տվել Իրանին կայանալ որպես պետություն բավականին բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում։
«Սա դեսպանի հրաժեշտի այցելությունն է մեր ինստիտուտ, սակայն, հաշվի առնելով ուսանողների մեծ հետաքրքրությունը և ներգրավվածությունը, նա խոստացել է կրկին հանդիպել և զրուցել մեր ուսանողների հետ»,- նշել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան:
Դեսպանը հանդես է եկել Իրանի հոգևոր առաջնորդի մասին զեկույցով, որում ներկայացրել է ԻԻՀ կայացման գործում Այաթոլա Խոմեյնիի դերի կարևորությունը, իր երկրի անցած ճանապարհը, դժվարությունները և ձեռքբերումները։ Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Աբաս Զոհուրին շեշտել է, որ իր երկրի զարգացման փորձը՝ բազմաթիվ պատժամիջոցների առկայության պայմաններում, ներկայիս պատմական իրավիճակում կարող է օգտակար լինել նաև այլ երկրներին։
Իր հերթին՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային առաքելության ղեկավար Մոհամմադ Ալի Քիյանին կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։
«Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում շատ կարևոր դեր է խաղում միջբուհական համագործակցությունը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում իրաներենի և իրանական մշակույթի ուսումնասիրությանը։ Իսկ համագործակցության հուշագրի համաձայն՝ ՀՌՀ ուսանողները կարող են ուսանել Թավրիզում։ Մենք կարծում ենք, որ այս համագործակցությունը կնպաստի հայ-իրանական մշակութային և կրթական համագործակցության ամրապնդմանը» ,- ընդգծել է Քիյանին։
Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի դասախոսներ Վահե Ավետիսյանը և Գևորգ Միրզաբեկյանը։ Իսկ 3-րդ կուրսի ուսանող Աննա Կոստանյանը պատմել է Ա․ Խոմեյնիի պոեզիայի մասին և ներկայացրել նրա բանաստեղծությունները։