- 07 Սեպ
- 2022
ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկա է գտնվել ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի միջոցառմանը
Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը, որին մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը, որին մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
«Ուրախ եմ այսօր լինել այստեղ ձեզ հետ։ Շնորհակալ եմ ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանին, ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և բոլոր պատասխանատուներին այս միջոցառումը կազմակերպելու համար։ Անսահման ուրախ եմ այստեղ գտնվել նոր ուսումնական տարվա առաջին օրերին և մաղթում եմ ձեզ, բոլոր դասախոսներին և ուսանողներին հաջող ուսումնական տարի»,- իր ողջույնի խոսքում նշել է Աբբաս Զոհուրին։
Դեսպանի դիտարկմամբ՝ գիտելիքները մեզ հնարավորություն են ընձեռում կանխել պատմության և իրականության աղավաղումը։ Այդ պատճառով Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգության հետ ծանոթությունը չափազանց արդիական է և իրանական կողմը շնորհակալ է Հայ-Ռուսական համալսարանին միջնադարի մեծանուն գիտնական-էնցիկլոպեդիստի պատվին կազմակերպված միջոցառման համար։ «Աբուրեյխան Բիրունին հայտնի է որպես գիտական տարբեր ուղղությունների գիտակ, իսկական էնցիկլոպեդիստ, տիրապետում էր բազմաթիվ լեզուներին և ծանոթ էր տարբեր մշակույթներին»,- հավելել է նա։
Իր հերթին՝ Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն ասել է հետևյալը․ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ մեր համալսարանում հարգարժան դեսպան։ Մենք անչափ շնորհակալ ենք ձեզ նաև այն մեծաքանակ ուսումնական և պրոֆեսիոնալ գրականության համար, որը դուք նվիրեցիք մեր ինստիտուտին։ Պետք է նշեմ, որ մենք աշխատում ենք արևելագիտության և իրանագիտության այնպիսի ուղղություններով, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվում աշխարհում ոչ մի տեղ»։
«Աբուրեյխան Բիրունիի գիտական ժառանգությունը» թեմայով սեմինարը կազմակերպել են ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնը։