research
  • 07 Սեպ
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանում կանցկացվեն նախագծային գործունեության ուսուցման դասընթացներ և ոչ միայն

    ՀՌՀ-ն և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանը ստորագրեցին ճանապարհային քարտեզը:

    Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը՝ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-ին այցելեց Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարան:

    Հանդիպման շրջանակներում կողմերը ստորագրեցին ՀՌՀ-ում «Նախագծային գործունեության հիմունքները» դասընթացի իրականացման ծրագիրը:
     
    «Մոտակա ժամանակներս կստորագրվի ևս մի ծրագիր: Այս դեպքում յուրաքանչյուր ծրագիր ունի իր նպատակն ու ուղղությունը, և սրանք շատ կարևոր հիմքեր են մեր համագործակցության զարգացման հարցում», - վստահեցրեց Սերգեյ Կապինոսը:

    Նրա խոսքով, ՍՊբՊՀ-ն համարվում է ռուսական ամենաանվանի ուսումնական հաստատություններից մեկը: Բավական է նշել, որ այս համալսարանը մի քանի Նոբելյան մրցանակակիրներ է տվել աշխարհին:

    «Այս բուհի մասշտաբները ապշեցնում են: Մենք իմացանք այն ամենը, ինչ կարող է օգտակար լինել մեր համալսարանի համար, և այն, ինչ կարող ենք հարմարեցնել երևանյան մոդելին: Եվ այս առումով օգտակար ու արդյունավետ էին պաշտոնական քննարկումներն ու շփումը ՍՊբՊՀ ռեկտորի և աշխատակազմի ղեկավարի հետ», - ընդգծեց Սերգեյ Կապինոսը:

    ՀՌՀ Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը նշեց, որ հանդիպումն անցավ շատ արդյունավետ, նախանշվեցին համագործակցության նոր ոլորտներ, ընդլայնվեցին ու ամրապնդվեցին առկա գիտական կապերը:

    «Մեզ շատ ջերմ ընդունեցին, քննարկումներ ծավալվեցին համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ, ինչպես տնտեսագիտության, այնպես էլ էլեկտրոնիկայի, տեխնոլոգիաների և քիմիայի ոլորտներում: Հույս ունենք, որ ապագայում այս համագործակցությունը ավելի կամրապնդվի և կընդլայնվի, իսկ արդյունքները կնկատվեն շուտով», - ընդգծեց Հայկ Սարգսյանը:

    Այցի ժամանակ Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը ՍՊբՊՀ միջազգային գործունեության գծով պրոռեկտոր, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դմիտրի Արսենևին պարգևատրեց ՀՌՀ Ոսկե մեդալով: Բացի այդ, ՍՊբՊՀ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Նիկիտա Գոլովինը արժանացավ ՀՌՀ Ընկերների ակումբի պատվավոր անդամի կոչմանը:

    Նշենք, որ կողմերը պայմանավորվեցին խորացնել հետագա համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ հոգեբանությունն ու մանկավարժությունը, քաղաքագիտությունն ու տարածաշրջանագիտությունը, փիլիսոփայությունը և այլ հասարակական գիտությունները:

    Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՌՀ կրթական աշխատանքի գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Իրինա Պետրոսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Սերինե Միսիսյանը, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը, բիոինֆորմատիկայի լաբարատորիայի վարիչ Լեռնիկ Հունանյանը: 
     
     
     
    Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
    (՞Լրագրություն", 3 կուրս)