research
  • 18 Նոյ
  • 2021

ՀՌՀ-ում կայացել է «Ինտեգրման զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով քննարկում

    Քննարկման մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեցին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

    Հայ-Ռուսական համալսարանում նոյեմբերի 17-ին կայացել է «Ինտեգրման զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի ամբիոնը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ։ 

    Քննարկման մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեցին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը ու ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը:    
     
    Կլոր սեղան-քննարկման ընթացքում խոսվել է մի շարք հարցերի մասին, որոնք վերաբերում են ԵԱՏՄ ինտեգրման ավանդական և նոր ոլորտներին ու զարգացման հեռանկարներին։ Քննարկում է ընթացել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված «Մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» վերաբերյալ։ 

    «Հայաստանի համար, որը տուրիզմի ոլորտը համարում է տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը, նման մակարդակի հանդիպումները շատ կարևոր են: Մենք պետք է հասկանանք ինտեգրացիոն հնարավորությունները, ներուժը, ինչպես նաև տուրիզմի ոլորտում առկա խնդիրները», - նշել է ՀՌՀ-ի Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Տիգրան Դավթյանը: 

     Նշենք, որ վերոնշյալ քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը, Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարության Եվրասիական ինտեգրման դեպարտամենտի, Ղազախստանի Առևտրի և ինտեգրման նախարարության, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, նաև Բելառուսի էկոնոմիկայի նախարարության ու ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և այլք։
     
     
    Լուսանկարներ: https://mineconomy.am