research
  • 22 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ն ընդլայնում է գիտական հետազոտությունների և նորարարական գործունեության աջակցության մեխանիզմները

    Նոր մեխանիզմների ներդրման իրավական և կազմակերպական հիմք են հանդիսացել երկու փաստաթուղթ՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև գիտական հրապարակումների ակտիվության խթանման և գիտամանկավարժական աշխատողների պարգևատրման միջոցառումների կարգը։

    Ռուս-Հայկական համալսարանում ակտիվորեն զարգանում է գիտական և նորարարական գործունեության աջակցության համակարգը, որը նախատեսված է համալսարանի՝ 2026–2030 թվականների զարգացման ծրագրով։ Բոլոր հիմնական միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության  գիտության և բարձրագույն կրթության նախարարության ֆինանսական աջակցությամբ։

    Նոր մեխանիզմների ներդրման իրավական և կազմակերպական հիմք են հանդիսացել երկու փաստաթուղթ՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև գիտական հրապարակումների ակտիվության խթանման և գիտամանկավարժական աշխատողների պարգևատրման միջոցառումների կարգը։

    Համալսարանի գիտական ոլորտի գործունեության կարևոր քայլերից է եղել բնագիտական և հասարակական-հումանիտար ուղղություններով հետազոտական նախագծերի մրցութային ընտրությունը։ Ընտրության արդյունքներով՝ 2026 թվականից համալսարանը Զարգացման ծրագրի միջոցների հաշվին սկսել է ֆինանսավորել առավել հեռանկարային 13 գիտական նախագիծ։

    Ինչպես ընդգծել է ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետորեն զարգացնել հետազոտությունների առանցքային ուղղությունները։

    «Մենք անցկացրել ենք գիտական նախագծերի մրցույթ և ընտրություն ինչպես բնագիտական, այնպես էլ հասարակական-հումանիտար ուղղություններով։ Զարգացման ծրագրի միջոցների հաշվին հաղթող ճանաչված 13 նախագծերի ֆինանսավորումն իրական գործիք է, որը նպաստում է մեր հետազոտողների ակադեմիական բարձր մակարդակի պահպանմանը և նոր գիտական արդյունքների ստացմանը», — նշել է նա։

    Միաժամանակ համալսարանում շարունակվում է աշխատակիցների աջակցությունը՝ աշխատանքի վարձատրության տարբերակված համակարգի միջոցով։ Գիտական գործունեության ոլորտում առավել բարձր արդյունքներ և վարկանիշներ ունեցող դասախոսներն ու հետազոտողները ստանում են անհատական հավելավճարներ։ Այս ծրագիրը զգալիորեն ընդլայնվում է. եթե նախորդ տարի բարձրացված վարձատրություն էր ստանում 20 աշխատակից, ապա այս տարի նրանց թիվը հասել է 30-ի։

    «Այս միջոցառումներն, անկասկած, նոր բաղադրիչ են ներմուծում համալսարանի գիտահետազոտական և նորարարական գործունեության զարգացման մեջ և նպաստում դրա զարգացման բարձր տեմպերի ապահովմանը։ Մենք տեսնում ենք, որ նյութական աջակցության և գնահատման հստակ չափանիշների շնորհիվ մեծանում է մեր գիտնականների ներգրավվածությունը հետազոտական գործընթացում», — ընդգծել է  պրոռեկտորը։

    Նշենք, որ Ռուս-Հայկական համալսարանում հետևողականորեն իրականացվում է գիտահետազոտական ներուժի ընդլայնման ռազմավարությունը։ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ իրականացվող՝ ՌՀՀ-ի 2026–2030 թվականների զարգացման ծրագիրն ուղղված է տարածաշրջանի առաջատար ակադեմիական և նորարարական կենտրոններից մեկի՝ համալսարանի դիրքերի ամրապնդմանը։ Միաժամանակ ակտիվորեն շարունակվում է տարբեր գիտական նախագծերի իրականացումը՝ հիմնական թեմատիկ և նպատակային ֆինանսավորման շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 🇦🇲պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարվող տարբեր մրցույթների շրջանակներում։