research
  • 20 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում մեկնարկել է XXII Միջազգային ուսանողական տարեկան գիտաժողովը

    Այս տարի միջոցառումը համախմբել է ավելի քան 460 մասնակիցների Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից։

    XXII Միջազգային ուսանողական տարեկան գիտաժողովը մեկնարկել է Ռուս-Հայկական համալսարանում ապրիլի 20-ին։ Այս տարի միջոցառումը համախմբել է ավելի քան 460 մասնակիցների Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից։

    Ողջույնի խոսքով հյուրերին և մասնակիցներին դիմել է ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ Նա ընդգծել է ուսանողական գիտության զարգացման ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ ապագա հաջողակ հետազոտողները ձևավորվում են հենց համալսարանական տարիներին։ Նրա խոսքով՝ ժամանակակից ուսանողները հաճախ ավելի լավ են տիրապետում նորագույն գործիքներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը և թվային տեխնոլոգիաներին, քան դասախոսները, սակայն առանցքայինը մնում է գիտական մեթոդաբանության հիման վրա գիտելիքը կիրառելու կարողությունը։

    Պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը նաև կարևորել է միջդիսցիպլինար հետազոտությունների զարգացումն ու ուսանողների միջև հորիզոնական կապերի ամրապնդումը։ Համալսարանը ակտիվորեն աշխատում է միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ և նախատեսում է առավել ակտիվ դարձնել ուսանողների մասնակցությունը գիտական և երիտասարդական նախաձեռնություններին։ Մասնավորապես, քննարկվում են ավանդական ունիվերսիադայի անցկացման ծրագրերը՝ ռուսաստանյան բուհերի ներգրավմամբ։

    Իր հերթին ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ գիտաժողովը տարեկան բնույթ ունի և արդեն դարձել է կարևոր գիտակրթական հարթակ։ Նրա խոսքով՝ անցկացման տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել կայուն համագործակցություն ռուսաստանյան և տարածաշրջանային համալսարանների հետ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավել հայկական բուհերը, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը և Մանկավարժական համալսարանը։

    Պլենար զեկույցով հանդես է եկել ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Շուշանիկ Ղազարյանը՝ ներկայացնելով «Կանաչ նանոտեխնոլոգիան և գլոբալ առողջությունը. անհատականացված բժշկության ճանապարհին» թեման։
     
    Նշենք, որ ավանդաբար գիտաժողովն ընդգրկում է գիտական ուղղությունների լայն շրջանակ՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հասարակական և հումանիտար գիտություններ։