- 15 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում կայացել է «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը XXI դարում» խորագրով III միջազգային գիտաժողովը
Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և այլ երկրների առաջատար գիտնականները մեկ հարթակում էին՝ քննարկելու կառավարման գիտության և պրակտիկայի փոխակերպման հիմնական խնդիրներն ու միտումները։
Արդեն ավանդական դարձած «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը XXI դարում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը կայացել է Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 14-15-ը։ Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և այլ երկրների առաջատար գիտնականները մեկ հարթակում էին՝ քննարկելու կառավարման գիտության և պրակտիկայի փոխակերպման հիմնական խնդիրներն ու միտումները։
Գիտաժողովը բացել է ՌՀՀ ռեկտոր, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ նա անդրադարձել է կառավարման համակարգերի և արտադրական գործընթացների փոփոխություններին՝ ընդգծելով, որ կառավարման պրակտիկան պետք է համահունչ լինի այդ փոփոխություններին։
Մասնակիցներին ողջունել են նաև Կառավարման պետական համալսարանի պրոռեկտոր, Եվրասիական ցանցային համալսարանի քարտուղարության ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Դմիտրի Բրյուխանովը և Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի Արտադրական մենեջմենթի բարձրագույն դպրոցի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Օլգա Կալինինան։
Գիտաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են գլոբալ անկայունության պայմաններում կառավարման փոխակերպմանը, ժամանակակից կառավարման տեսական մոտեցումներին և հայեցակարգային միտումներին, թվայնացման, տվյալների վերլուծության և արհեստական բանականության ազդեցությանը, ինչպես նաև բիզնես գործընթացների և հանրային համակարգերի կառավարման արդի գործիքներին։
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նաև «Երիտասարդների հայացքը կառավարման ապագային» խորագրով երիտասարդական կլոր սեղան-քննարկումը, որը միավորել է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ գաղափարների փոխանակման և ժամանակակից կառավարման զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։
Նշենք, որ գիտաժողովի նյութերը գրախոսումից հետո կհրապարակվեն գիտաժողովի աշխատությունների ժողովածուում՝ ISBN համարի շնորհմամբ և հետագա տեղադրմամբ ՌԳԳԻ (Ռուսաստանի գիտական մեջբերումների ինդեքս՝ РИНЦ) տվյալների բազայում։
«Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը XXI դարում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը կազմակերպել է ՌՀՀ-ի Կառավարման և բիզնեսի ամբիոնը։ Համակազմակերպիչներն են Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանը, ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը (ՌԱՆԽիԳՍ), Երևանի պետական համալսարանը, Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը (Սոֆիա, Բուլղարիա), Կուբանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը և «Արարատբանկ» ԲԲԸ-ն։







